1-3 տարեկան երեխաների առանձնահատկությունները. ճգնաժամային փուլերը

1-3 տարեկան երեխաների առանձնահատկությունները. ճգնաժամային փուլերը

928
Կիսվել
Երկար ժամանակ վեճեր էին տեղի ունենում անհատից անձ ձևավորման հիմքում ընկած գործոնների շուրջ: Ներկայումս դրանք երեքն են՝ ժառանգականություն, դաստիարակություն, միջավայր:  Ժառանգականությունը օրգանիզմների իրենց հատկանիշները, հատկությունները պահպանելու և զարգացման առանձնահատկությունները հաջորդ սերունդներին փոխանցելու երևույթն է: Դրա միջոցով երեխային են անցնում ծնողների արտաքին ֆիզիկական տվյալները, բնավորության որոշ գծեր, խառնվածքն ու նյարդային համակարգը, որոշ հիվանդություններ, մտավոր և ֆիզիկական արատներ: Միջավայրն այն շրջակայքն է, որտեղ ձևավորվում և զարգանում է մարդը: Մինչնախադպրոցական երեխաների դեպքում որպես միջավայր հիմնականում հանդես է գալիս ընտանիքը: Դաստիարակության միջոցով երեխայի մոտ ձևավորվում են հասարակական նորմեր, օրենքներ, երեխան յուրացնում է էթիկայի տարրական կանոնները:
Խոսելով երեխաների անհատական առանձնահատկությունների մասին՝ առաջին հերթին պետք է նշել աքսելերացիա կոչվող երևույթի մասին: Այն մարդու հոգեկան և ֆիզիկական զարգացման պրոցեսների արագացումն է, որը նկատվում է հատկապես վերջին մի քանի տասնամյակների ընթացքում: Աքսելերացիան ընդգրկում է ինչպես ֆիզիկական զարգացումը (մասնավորապես` մարդկանց մարմինների խոշորացումը), այնպես էլ հոգեկան ֆունկցիաների` մտածողության, երևակայության, շարժողական հմտությունների զարգացումը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս երևույթը վերջին տարիներին մեծ տարածում է գտել:
Պետք է ուշադիր լինել, որ երեխան ուշադրության պակաս չզգա: Այն երեխաները, ովքեր ծնողների ուշադրության կենտրոնում են լինում, որոնց ծնողներն օգնում են հաղթահարել խնդիրները, ներքին վստահություն են ունենում, իրենց պաշտպանված են զգում և արդեն կյանքի հետագա փուլերում, նրանց շփումը շրջապատի հետ հեշտ է ստացվում:
Առանձնակի ուշադիր պետք է լինել այն երեխաների նկատմամբ, ովքեր մեծանում են ոչ լիարժեք ընտանիքում կամ էլ որդեգրված երեխաներ են: Պետք է հետևել նրանց առողջությանը, իսկ առողջությունը ֆիզիկական, հոգևոր և սոցիալական բարեկեցությունն է, և ոչ թե հիվանդությունների կամ էլ ֆիզիկական թերությունների բացակայությունը:
Խոսելով մինչնախադպրոցական երեխաների մասին (1-3 տ.)՝ պետք է խոսենք նաև այդ տարիքին բնորոշ ճգնաժամերից: Ճգնաժամերը միշտ կապված են նորագոյացությունների ձեռքբերման հետ: Ճգնաժամային փուլերը անցումային են՝ մի ստաբիլ փուլից դեպի մյուս ստաբիլ փուլը: Ճգնաժամային փուլերը ժամանակավոր բնույթ ունեն այն իմաստով, որ դրանք չեն բնութագրում մարդու էությունը: Դրանք անհրաժեշտ են կայուն որակների ձևավորման համար: Օրինակ՝ կամակորությունը և համառությունը. կամակորությամբ հետագայում դրսևորվում է համառություն և ապա կամակորությունը հետ է գնում, վերանում է: Երեխայի մոտ այս նորագոյացությունների իմաստը ուրիշներին հակառակվելու մեջ է, որպեսզի դրանով դրսևորվի երեխայի ԵՍ-ը: Ճգնաժամային փուլը ամենաբուռն փուլն է, որը, կարելի է ասել, թափահարում է մարդուն, և տեղի են ունենում փոփոխություններ, որոնք հանգեցնում են կայունության: Նորածնության շրջանում երեխայի մոտ տեղի է ունենում հարմարում նոր կենսակերպին. առաջին օրերին տեղի է ունենում երեխայի քաշի անկում, որը դիտվում է որպես ճգնաժամային ախտանշան: 1 տարեկան երեխաների մոտ ճգնաժամը կապված է քայլքի և խոսքի ձևավորման, կամային դրսևորումների ի հայտ գալու հետ: 3 տարեկանի ճգնաժամը կապվում է այն հանգամանքի հետ, որ երեխան սկսում է հասկանալ և ճանաչել սեփական ներաշխարհը: Նա զգայուն է դառնում իր ԵՍ-ի նկատմամբ,  ձգտում է ինքնահաստատվել, ամեն կերպ փորձում է ուշադրության կենտրոնում լինել, մյուս կողմից ձգտում է նմանվել մեծերին: Ընդհանուր առմամբ 3 տարեկանի ճգնաժամին բնորոշ գծերն են երեխաների համառությունը, ընբոստությունը, մեծերի արժեզրկումը, բողոքները:
Այս շրջանում արդեն զարգանում է երեխայի խաղային, գեղարվեստական, աշխատանքային գործունեությունը: Ձևավորվում է ուսումնական գործունեությունը, սակայն գերակայող է մնում խաղայինը: Հետևելով նրա խաղային գործունեությանը՝ կարելի է նկատել, որ խաղը գնալով զարգանում է, դառնում է բազմաբնույթ, փոխվում են խաղի սյուժեն և հերոսները: Խաղը երկարում է: Խաղային գործունեության ժամանակ երեխան արտահայտում է ոչ միայն այն, ինչ տեսնում է իր շրջապատում, այլև այն, ինչ նրա համար կարդացել են, այն, ինչ նա լսել է իր հասակակիցներից: Խաղը բավարարում է երեխաների՝ մեծերի աշխարհը ճանաչելու պահանջը և հնարավորություն է տալիս արտահայտել իրենց վերաբերմունքը և զգացումները:
3 տարեկանում երեխան կատարում է աշխատանքային հանձնարարությունները, ձգտում է օգնել մեծերին: ԵՍ ԻՆՔՍ արտահայտությունը հիմք է դառնում աշխատելու ցանկության ձևավորմանը. ինքնուրույն հագնվում է, ինքնուրույն ուտում:
Ժամանակի ընթացքում երեխան դառնում է ավելի ինքնուրույն: Նրա մոտ ձևավորվում են սահմանված նպատակներին հասնելու համապատասխան կամային որակներ:
«Երեխա» բառն իրենցի ենթադրում է, որ նա կարող է լինել ինչպես տղա, այնպես էլ աղջիկ: Մանկավարժները փորձում են հասկանալ՝ արդյոք հնարավո՞ր է նրանց դաստիարակել, կրթել միևնույն մեթոդներով, թե պետք է տարբեր ծրագրեր մշակել: Նույնսիկ մանկավարժության նոր ճյուղ է ձևավորվում՝ նեյրոմանկավարժություն, որի ուշադրության կենտրոնում 2 սեռերի համար դաստիարակության ու ուսուցման նոր մեթոդների մշակումն է:
Սեռային տարբերությունը երևում է ծննդյան պահից. սովորաբար տղաներն ավելի ծանր քաշ են ունենում, քան աղջիկները, սակայն աղջիկներն իրենց զարգացմամբ 3-4 շաբաթով առաջ են անցնում տղաներից, ինչը հանգեցնում է նրան,  որ իրենց սեռային ընկալումն ավելի շուտ է տեղի ունենում, իսկ մանկությունն էլ մոտ 2 տարով  ավելի կարճ է տևում: Տարբեր կերպ է տեղի ունենում մտածողության, խոսքի, երևակայության, էմոցիոնալ դաշտի ձևավարումը: Տղաները չեն սիրում երկար «ճառեր», նրանք արագ են ըմբռնում խոսքի էությունը:
Տղաներին և աղջիկներին պետք չէ նույն կերպ գովել կամ վատաբանել: Գիտնականները պարզել են, որ զարգացման բոլոր մակարդակներւմ տղաներին չի բավարարում քնքուշ խոսքը, հայացքը, շոյանքը: Ծնողները, փորձելով դաստիարակել իսակական տղամարդ, իրենք էլ չհասկանալով, դաստրաիակում են մի դաժան, չբավարարված անձնավորության: Դրա պատճառը մանկության շրջանում ստացած անբավարար սիրո մեջ է: Տարբեր կերպ են ձևավորվում նաև ճանաչողական հետաքրքրությունները: Տղաներին հետաքրքիր են մեքենաները, հերոսների զարմանալի քայլերը, իսկ աղջիկներին՝ տինիկները,  իրենց արտաքին տեսքը:
Կազմեց՝ Էլեն Չավուշյանը

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն