«Կատյան». Համբարձում Համբարձումյան

«Կատյան». Համբարձում Համբարձումյան

349
Կիսվել
Թաղի ջահելները փողոցում քարերով դարպասներ էին դրել ու ֆուտբոլ էին խաղում: Փողոցի ծայրում երևաց Ծիծակ Վալոդի գազարագույն տաքսին: Միշտ ռաբիս լսող Ծիծակի մեքենայի միջից եկող ռուսական էստրադային երգի հնչյունները լսելով` տղաները մի պահ կասկածեցին, որ դա Ծիծակի մեքենան է, բայց երբ նա թթենու ստվերի տակ բլոտ խաղացող տղամարդկանց ծանոթ ազդանշանով ողջունեց, խաղը դադարեցրին ու մի կողմ քաշվեցին, մինչև գա անցնի: Գիտեին նրա կծու բնավորությունը, եթե չկանգնեն ու մի կողմ չքաշվեն, հեռվից ազդանշան տալով գալու է, կանգնելու և հայհոյելու է: Վալոդը մեքենան կանգնեցրել, բլոտ խաղացողների հետ աշխույժ զրուցում էր, ու երեխաները վերսկսեցին խաղը: Տնից դուրս եկավ Գեղամը, Ջնդոենց նստարանի մոտ պպզած գարեջուր խմող Վլեին, Գոնչին, Գազանին բարևեց և մետաղյա ցանկապատին հենվելով` ծխախոտ վառեց:
Իր հզոր թոքերով հայտնի Գեղամը, որին ուռելիս վերջինն էին պլանը տալիս, որովհետև մի ծուխ անելով կասյակի կեսից ավելին ծխում էր, քիչ անց գետնին գցեց ծխախոտի զտիչը և նորը վառեց: Նիհար, բարձրահասակ, սուր դիմագծերով Ծիծակը միացրեց մեքենայի շարժիչը, և մի քանի վայրկյանից տաքսին Գեղամի տան մոտ կանգնած էր: Գեղամը նայեց մեքենայի ներսը, և դեմքին զարմանք ու շփոթմունք հայտնվեց: Մեքենայի դուռը բացվեց, և նրա միջից դուրս եկավ կիսամերկ, լայն, համարյա ծածկոցի չափերի հասնող սրբիչով փաթաթված Կատյան, և բոլորի` Վալոդի, բլոտողների, ֆուտբոլ խաղացող պատանիների, բուրդ չիփխող Գյուլնարի, բացակա հարևանուհիներից բամբասող կանանց աչքի առաջ գրկեց Գեղամին ու համբույրներով ծածկեց երեսը: Մինչ Կատյան ու Գեղամը համբուրվում էին, փողոցում հավաքված կանանց աչքում Գեղամը մի գլուխ բարձրացավ, երկու տարի անտղամարդ, խոպանից չվերադարձող ամուսնուն սպասող Գյուլնարը ձևացրեց` իբր այդ կողմը չի նայում, ոտքը փեշի ճեղքից հանեց, կրծքերն ավելի լավ երևացնելու համար բլուզի վերջին կոճակն արձակեց և կրծքերը թրթռացնելով` սկսեց ավելի արագ չիփխել բուրդը: Բլոտ խաղացող Էդոն թերզը մոռացավ ասել ու տակ տվեց, Գոնչի խմած գարեջուրը կոկորդին մնաց, ու նա սկսեց խեղդվելով հազալ: Գեղամի քեռու տղան` Կարենը, գնդակը դարպասի մոտ կանգնեցրեց ու գոլ խփելու հարմար պահը ձեռքից բաց թողեց: Հակառակորդ թիմի խոշորամարմին, բարձրահասակ Արայիկը, որն արդեն իններորդ էր փոխադրվել, բայց դեռ բեղերն էլ չէին աճել, գնդակը Կարենի առջևից տարավ, արագ անցավ ֆուտբոլիստների միջով, ձեռները ջեբը դրած դարպասապահի ոտքերի կողքով գնդակը դարպասը գլորեց ու գո՛լ գոռաց: Երբ տեսավ ընկերներից ոչ ոք չի արձագանքում, կանգնեց, նայեց համբուրվող Կատյային ու Գեղամին, և դեմքը շառագունեց, կարմիրով ներկվեց: Գեղամը գրկեց Կատյայի իրանը, և նրանք քայլեցին դեպի տուն: Վլեն, Գոնչն ու Գազանը հայացքով ուղեկցեցին նրանց ու տեսադաշտից հեռանալուց հետո էլ երկար ժամանակ նրանց ուղղությամբ էին նայում:
–Աուուուուու՛, Մաշինկա՛, – դունչը վերև տնկելով` քաղցած գայլի պես ոռնաց Գոնչն ու ասաց, – Մաշան վատը չի, ափսոս մերը չի:
Հետո Ծիծակը թաղի տղամարդկանց ու Կարենի համար Կատյայի պատմությունն էր անում: Գեղամի` Պերմում ծառայելու ժամանակ Կատյան Գեղամի՞ց, թե՞ նրա քյավառցի ընկերներից էր Սևանա ծովի մասին լսել: Գեղամի զորացրվելուց մի տարի անց Գեղամի՞ն էր կարոտել, թե՞ կապուտաչյա Սևանն էր ուզել տեսնի, որոշել էր Հայաստան գալ: Եկել էր: Հենց օդանավակայանում սև աչքերով, սև մազերով, փարթամ թրաշով առնական ու ճարպիկ հայ տղերքից մեկը ծանոթացել ու հոժարակամ համաձայնել էր նրան մինչև Սևան ուղեկցել: Ճանապարհին ռեստորան էին մտել ու հենց ծովի ջրում եփած իշխան էին կերել, տնական թթի օղի էին խմել: Հետո անմիջապես Սևանի ափ էին գնացել, անմարդաշատ, գողտրիկ մի տեղ էին գտել, ջուրն էին մտել, ջրից դուրս էին եկել ու ափի մոտ աճած ծառերի հովի տակ` թփուտների մեջ, ծածկոցի չափերի հասնող սրբիչի վրա սեր էին արել: Ոտքերը ջրի մեջ` հաց էին կերել ու նորից խմել էին: Գիշերը, երբ եղանակը ցրտել էր, իսկ ջուրը տաք էր եղել, Կատյան լրիվ մերկանալով ջուրն էր մտել և երբ ջրից դուրս էր եկել` ոչ լողազգեստը, ոչ պայուսակը, և ոչ էլ տղային էր գտել: Կարծել էր` կատակում է, երկար ձայն էր տվել, հետո սերմնահեղուկով ու քրտինքով ներծծված սրբիչով ծածկվել ու լաց էր եղել: Տղային կանչելուց ու լացելուց հետո, մեքենաների ձայների վրա գնալով` մայրուղի էր դուրս եկել: Ճանապարհից դուրս կանգնած, մեքենայի մեջ խմած–քնած Ծիծակի տաքսին էր նստել ու, մեքենան նստելով, ինքն էլ էր քնել: Առավոտյան Վալոդը արթնացել, տեսել էր իր մեքենայի ետևի նստատեղին մի ջրահարս, մի ճերմակամորթ մարալ է պառկած: Կարծել էր` սպիտակ տենդի մեջ է կամ երազ է տեսնում, բայց երբ սթափվելու և ստուգելու համար ձեռքն ազդանշանին էր դրել, ու Կատյան արթնանալով նրան բարևել էր, նոր միայն հավատացել էր աչքերին: Գեղամի պատմածներից Կատյային արդեն իմացող Վալոդը թեև ռուսերեն վատ էր հասկանում, Պերմ, Երևան, Շենգավիթ, Գեղամ բառերը լսելով հասկացել էր` “որը որից հետո ա”:
Գեղամի տան պատուհանի տակ պպզած` երրորդ գիշերն էր անցկացնում Կարենը: Մի ձեռքին ծխախոտն էր, մյուսի ձեռքը ուռած վարտիքի վրա էր դրել: Սենյակից եկող ձայները` ցանցավոր մահճակալի համաչափ ճռճռոցը, Կատյայի տնքոցներն ու Գեղամի շնչառությունը, խենթացնում, ձեռքը դեպի վարտիքի ներսն էին մղում. մկանները պրկված, աչքերը փակ ծխում էր, իրեն Գեղամի տեղում էր պատկերացնում: Բանակից գալուց հետո, երբ Գեղամն իր ու Կատյայի մասին պատմել էր, իրենց սեռական կյանքի մանրամասները թաղի տղամարդկանց ու ջահելների սեփականությունն էր դարձրել, մի տարի շարունակ ձեռնաշարժությամբ զբաղվելիս Կատյային էր մտքում ունեցել, բայց նրան իր առջև տեսնելով` ամաչել էր ու իրեն մեղավոր զգացել: Նրան իր մտքում ունենալը, իրեն Գեղամի տեղում պատկերացնելն արդեն հանցավոր էր թվում, բայց դրա մասին չմտածել, միտքն ուրիշ բանով զբաղեցնել չէր կարողանում: Առաջին գիշերը, երբ եկել էր պատուհանի մոտ, Կատյայի ու Գեղամի կենակցելը տեսել և ձայները լսել էր, երկրորդ գիշերը չէր ուզել նույն ապրումներն ունենալ, փոքր մագնիտոֆոնը բաղնիքում միացրել, համարյա սառը ցնցուղի տակ էր մտել, բայց Կատյայի տնքոցներն ու մահճակալի ճռճռոցը նրա ականջների մեջ էին, և երևակայությունն էլ տեսածը բազմապատկել էր:
Լուսանում էր: Լսվում էր ծտերի ծլվլոցը և Գեղամի համաչափ, հանգիստ շնչառությունը: Կարենը գետնին նստած ծխում ու երազում էր: Ինքը “Հրազդան” մարզադաշտում ֆուտբոլ է խաղում, Բրազիլիա–Խորհրդային Միություն խաղն է, ու ինքը Բրազիլիայի կազմում է, խաբս տալով բոլոր պաշտպաններին` անցնում է ու դարպասապահի դիմաց մեն-մենակ է հայտնվում: Իր սիրած ձևով ցույց է տալիս, թե հարվածում է ու ապակողմնորոշված, գետնին պառկած դարպասապահի վրայով գնդակը ցանցի մեջ է ուղարկում: Հանդիսատեսները, ոտքի կանգնած, իր անունն են վանկարկում ու ծափահարում են: Մեծ լուսատախտակին խոշոր տառերով իր անունն է գրվում: Գժի պես վազում է, ու բրազիլացի խաղընկերները չեն կարողանում ետևից հասնել: Հանդիսատեսների դեմքերը լղոզված են, և բոլորն իրար նման են: Միայն Կատյային է պարզորոշ տեսնում: Նա ձեռքը թափահարելով ողջունում է և ժպտում: Հագին կապույտ պուտերով ճերմակ շրջազգեստն է, որ ինքն ու մայրը Ցումով շրջելիս էին տեսել, երբ գնացել էին իր համար ամառային շորեր գնելու: Ֆուտբոլի դաշտում կանգնած նայում է խոտի վրա ոտքերի մոտ հարմար ընկած գնդակին: Ամբողջ ուժով հարվածում է, գնդակը դանդաղ ու ծույլ դեպի դարպասն է գլորվում և աղջկա ոտքերին դիպչելով` կանգ առնում: Իր առջև` դարպասի կենտրոնում, կանգնած է Կատյան` ծածկված այն սրբիչով, որով իջել էր Ծիծակ Վալոդի մեքենայից: Սրբիչը շղարշի պես թափանցիկ է, և երևում են Կատյայի ձիգ, փարթամ կրծքերը, կոնքերը, ոտքերն ու եռանկյունաձև մազածածկույթը…
Իր վրա թափվող սառնությունից Կարենն արթնացավ ու աչքերը բացեց: Մինչև գոտկատեղը պատուհանից դուրս եկած–կախված Գեղամը, շշի բերանը վերև պարզելով, Կարենի վրա թափվող ջրվեժը կանգնեցրեց, ձեռքի ափով վզակոթին թույլ հարվածեց ու ասաց.
–Վեր կաց, էս ինչքա՞ն ես ծխել, արա՜:
Կարենը բարձրացավ: Կանգնել էր Գեղամի առաջ, անքնությունից ու ջրից կարմրած աչքերն էր տրորում: Հետո մի ձեռքով թաց երեսն էր սրբում, մյուսով վարտիքին կպած ավազահատիկներն ու փոշին էր թափ տալիս: Աչքի տակով, աննկատ քարերի կույտից բռնցքաչափ, ձեռքի ափի մեջ տեղավորվող հարմար քար էր փնտրում, բայց Գեղամը ներողամիտ ժպտում էր ու աչքերի մեջ էլ չարություն չկար:
–Հիմիկվանից որ խելքդ բանիդ ես տվել, մի քիչ մեծացար` քաքն ենք ընկնելու քո ձեռը: Դե լավ, գնա քնի ու ստեղ էլ չտենամ քեզ:
Ուզում էր Գեղամի ասածներին պատասխանել, ասել, որ խելքը բանին չի տվել, բայց հասկանում էր, որ անտեղի է խոսելու, ավելի հիմար վիճակի մեջ է իրեն գցելու: Գլխահակ, ամոթահար քայլեց դեպի տուն ու մինչև ներս մտնելը թիկունքով զգում էր Գեղամի սպառնալից–ներողամիտ հայացքը:
Փորձառու ցլամարտիկի ինքնավստահ քայլվածքով Գեղամը փողոց դուրս եկավ: Այդ ժամին, սովորաբար, փողոցում շատ մարդ էր լինում, բայց այդ օրը միայն պլանքաշների խումբն էր ու Կարենը, և Գեղամը, որ հավանաբար իր փողոց մտնելն ավելի հանդիսավոր էր պատկերացրել, մի քիչ շփոթվեց ու ձեռքը գրպանը խոթելով` ծխախոտի տուփը դուրս հանեց: Ծխախոտ վառեց, ծուխը ներս քաշեց և դուրս փչելիս արդեն վերգտել էր քիչ առաջվա ինքնավստահությունը: Ուրիշ ժամանակ Գեղամը կսպասեր, որ Վլեենց պատի տակ ուռող տղամարդիկ իրենք ձայն տան, մոտ կանչեն, բայց հիմա ինքը քայլեց դեպի նրանց խումբը:
–Մեղրամիսդ պրծա՞վ, ապա՜ր, էս հո մեղրամիս չէր, մեղրաշաբաթ էր, – ասաց մեծ գլխով ու դուրս պրծած աչքերով Գոնչը, և խումբը ծիծաղեց:
–Արի, արի, ցուլի՜կ, արի տես` քեզ ոնց ենք կթու կով սարքում, – արդեն ցածրաձայն, միայն խմբի համար ասաց կարճահասակ Բոյը, որ թեև Գյուղինստիտուտն էր ավարտել, երրորդ մասի շուկայում միս էր ծախում:
Խումբը պլանքաշի վարակիչ ծիծաղով ծիծաղեց, և Գեղամը հասկացավ, որ նրանց մոտենալը սխալ էր: Ետ դառնալ էլ չէր կարող, ստիպված ժպիտը երեսին մոտեցավ նրանց ու աշխույժ բարևեց, իբր` չեմ նեղանում, ձեր կայֆը հասկանում ու հարգում եմ:
Կարենը նայում էր նրանց և Գեղամի դեմքի արտահայտությունից, Գոնչի ու Բոյի լկտի ծիծաղից հասկանում էր, որ Կատյայի մասին են խոսում: Գեղամը ծխախոտ ծխախոտի ետևից էր վառում: Մեջքի ետեևում պահված ձեռքի նյարդային շարժումները Կարենին էին փոխանցվում: Ձեռքի մատները մեկ ետևի գրպանի մեջ էին խրվում, մեկ` ափի հետ էին անհանգիստ շփվում, մեկ էլ` բռունցքվում էին, և այդ պահին Կարենին թվում էր, որ Գեղամը մեջքի հետևից անակնկալ հարվածելու է, բայց թուլանում էին մատները, և Գեղամը գլխով համաձայնության նշաններ էր անում:
Խումբը քայլեց Գեղամենց տուն: Վլեն, Գազանը և Գոնչը առջևից էին գնում, իսկ Բոյն ու Գեղամը հետևից: Բոյը թևանցուկ էր արել Գեղամին ու դեռ շարունակում էր նրա ականջին կաթեցնել.
–Ախպեր, մենք սովետական սոցիալիստական երկրում ենք ապրում, ուր ամեն ինչ հանրային ա, նույնիսկ կինը, իսկ դու կուլակություն ես անում, մենատնտես ես ուզում լինես: Մի ժամանակ քո նմաններին աքսորում կամ գնդակահարում էին…
Վլեն ու Գեղամը ճարճատյունով վառվող խորովածի կրակի մոտ, կրակի վրա դրված սմբուկի, լոլիկի պղպեղի շշերին էին հետևում, Բոյն ու Գեղամը, շենքի մոտ պպզած, բաց դռան լուսավորության տակ միսն էին շամփրում, իսկ Գոնչը Վլեենց բաղչից քաղված պլանը նախօրոք դատարկված ծխախոտի գլանակների մեջ էր լցնում: Կիրակի էր, ու միայն իրենք իրենցով էին: Կատյայի կոլեկտիվացումից հետո կողքի թաղերից ընկեր–տղաներ, ծանոթ ու անծանոթ մարդիկ էին եկել: Անվճար, ձյան պես ճերմակ մարմնով ռուս կինը շատերին էր Գեղամի տուն բերել` կաթնակեր լակոտներից մինչև խոպանի կարոտախտով տառապող ծերունիներ: Մի մասին խոսքով, մի մասին էլ` ծեծով հասկացրել, հետ էին ուղարկել, բայց բոլորին չէին կարողացել մերժել: Թույլտվություն ստացածների ցուցակը կազմել ու հերթ էին սահմանել, բայց որոշել էին, որ շաբաթ և կիրակի օրերը միայն իրենցն են:
Խորովածի պատրաստություն տեսնող տղամարդկանց տեսադաշտից դուրս` թզենու հետևում թաքնված Արայիկն ու Կարենը նայում էին կողքի սենյակում լողացող Կատյային: Գեղամի տունը փողոցում այն հատուկենտ տներից էր, որ գազաֆիկացված չէր, և Կատյան նախօրոք տաքացրած ջրով էր լողանում: Լայն, թիթեղյա տաշտի մեջ կանգնած` մի ձեռքով կաթսայից ջուր էր վերցնում ու վրան լցնում, մյուսով օճառված մարմինն էր տրորում: Հետո նորից օճառում էր մարմինը` վիզը, կրծքերը, հետույքը… Մի քանի օրում հասունացած, անմազ, բայց արդեն պզուկոտ երեսը թրաշելիս մի քանի տեղ կտրտած Արայիկը շալվարն իջեցրել, բանը դուրս էր հանել ու խաղում էր հետը:
–Մի՜ արա էդ բանը, քեզ ասում եմ` մի՜ արա, թե չէ ծեծ ես ուտելու, – սպառնաց Կարենը:
Արայիկը չուզե՞ց, թե՞ չհամարձակվեց պատասխանել, բայց տեղից չշարժվեց, չփախավ: Նախկինում ինչքան կռվել էին, միշտ առաջինը Կարենն էր խփել, և նա վազելով փախել էր, բայց հիմա տղամարդու պես դիմանում էր ու տեղից չէր շարժվում: Բեղի ու պզուկների հետ նրա համարձակությունն էր էլ աճել: Ոչ թե խփելու, այլ վախեցնելու համար Կարենը գետնից քար վերցրեց: Արայիկը նկատեց դա, բայց նրա կողմը չնայեց, միայն նստած տեղը մի փոքր կծկվեց:
–Կատյա, Կատինկա, իդի զդես, – լսվեց Վլեի ձայնը:
–Սիչաս, – իր հետ օժիտ բերած սրբիչով սրբվելով ասաց Կատյան:
Կատյան անջատեց սենյակի լույսը և մթի մեջ կորավ: Արայիկը խորովածի կրակի շուրջ խմբված տղամարդկանց կողմը նայեց: Դռնից դուրս եկավ սրբիչով փաթաթված Կատյան և կրակի մոտ խմող տղամարդկանց մոտենալով` վերցրեց Գոնչի պարզած լիքը բաժակը: Կարենն Արայիկի գլխավերևում կանգնած նայում էր իր բռի միջից դուրս եկած քարի սուր ծայրին և իրեն պարտված էր զգում: Ուզում էր խփել Արայիկին, բայց հասկանում էր, որ ծեծի էլ` նա այդտեղից չի գնալու: Կարենը քարը գցեց և հեռացավ:    Կատյայի սենյակի բաց պատուհանից Արայիկի նվիրած օծանելիքի հոտն էր գալիս: Կարենը Արայիկի նվեր տալը տեսել էր: Կատյային հետևելիս էր եղել, երբ Արայիկը եկել էր պատուհանի մոտ, Կատյային կանչել ու օծանելիքի տուփը նրան էր տվել: Կատյան ուրախ ժպտացել ու համբուրել էր Արայիկին: Դրանից առուծախի հոտ էր գալիս, բայց Կարենը նորից ցանկացել էր ծեծել նրան, բայց հիշել էր, թե ոնց էր ինքը իրենց դասարանի Աննային հնդկական ֆիլմերի կինոաստղերի նկարները տալիս` նրա կրծքերին ձեռք տալու համար, ու իրեն վատ էր զգացել: Հիմա ինքն էր Կատյայի պատուհանի մոտ: Դռնով հարմար չէր, կողքի սենյակում կարող է մարդ լիներ, և այդ պատճառով որոշել էր պատուհանով մտնել, բայց նայում էր մահճակալին աչքերը փակ պառկած Կատյային, ծխում էր ու չէր համարձակվում ներս մտնել: Կատյան աչքերը բացեց ու տեսավ պատուհանի մոտ կանգնած Կարենին: Հայհոյեց ու ձեռքի տակ ընկած կոշիկը Կարենի վրա շպրտեց: Կոշիկը պատուհանի փեղկին դիպավ, ու ապակին փշրվեց: Կարենը հեռացավ պատուհանի մոտից:
Ամբողջ թաղը ծխի մեջ կորել էր, Վլեի պլանի պլանտացիան էր վառվում: Վլեն տանը չէր, և նրա մայրն ու կինը պլանի քոլերը արմատից հանել, մի քանի ժամ արևի տակ թողել էին ու չորացած պլանը վառում էին: Թաղի պլանքաշ տղամարդիկ ծխի վրա եկել, Վլեենց տան մոտ հավաքվել ու դարպասն էին թակում, բայց կինը դուռը չէր բացում: Լացները գալիս էր: Այդ տարվա ամբողջ բերքը վառվում էր, իսկ իրենք ոչինչ չէին կարող անել: Այդ տարին սովի տարի էր լինելու, դաժան և անուրախ ձմեռ էր սպասվում:
Կատյայի գալուց հետո թաղի կյանքը փոխվել էր: Մինչ լուսաբաց Գեղամի տնից քեֆ–ուրախության ձայներ էին գալիս, տղամարդիկ տուն չէին գնում, կանայք սպառնում էին բաժանվել, ու մի երկուսն էլ արդեն հայրենադարձ էին եղել: Գեղամին քաղմաս էին կանչել ու զգուշացրել էին, որ էլ մարդկանց հանգիստը չխանգարի: Փողի կորուստը հայտնաբերած Արայիկի ծնողները Կատյային նվիրած օծանելիքի փողն էին Գեղամից ուզում: Փողոցի ծայրում ամեն օր արյունոտ կռիվներ էին լինում: Վերջին կռվի ժամանակ էլ Կատյայի մոտ մտնելու ցուցակի հերթը խախտելու համար ընկերն ընկերոջը ծակել էր: Ոստիկանները փողոց էին լցվել, թաղի սև ցուցակում գտնվող բոլոր տղամարդկանց տարել ու ամբողջ գիշեր ծեծել էին: Կատյային էլ չէին կարող Գեղամի տանը պահել, ու Գոնչը ելքը գտել էր:
Գոնչը, Վլեն, Գազանը, Կատյան ու վերջին պահին մեքենան խցկված Կարենը Գազանի կապույտ “Մոսկվիչով” գնում էին Հոկտեմբերյան: Առջևում նստած Գոնչն ու Գազանը Գազանի սիրած զբաղմունքից` ձկնորսությունից էին խոսում, իսկ մյուսները լուռ էին: Վլեն ու Կատյան խմած էին և աչքները փակ ննջում էին:
–Տի զնայի՞շ մի կուդա եդիմ, մի եդիմ վ Օկտեմբերյան, տիբյա ադդադիմ, պլան վազմյոմ, ի մի ույեդիմ, – Հոկտեմբերյանի մոտ արթնացավ ու ասաց Վլեն:
Կատյան պատուհանից անտարբեր դուրս էր նայում ու Վլեի ասածին ոչ մի կերպ չարձագանքեց:
Կատյային պլանի հետ փոխել ու հետ էին եկել: Գազանի մեքենայի մեջ խմում էին: Թաց աչքերով, աչքի տակը կապտած Կարենը մեքենայից իջավ ու տուն քայլեց: Իրենց տան մոտ պպզած Գեղամը Կարենին տեսավ ու գլուխը կախեց: Կարենը մոտեցավ նրան ու ապտակեց: Գեղամը լուռ տարավ ապտակը:
Գիշերը հարբած Գեղամը սուր, մորթ անելու դանակը վերցրել, դուրս էր եկել փողոց և գոռալով ու հայհոյելով Կատյայի հետ եղած թաղի տղամարդկանց դուրս էր կանչում, բայց ոչ ոք դուրս չէր գալիս:
Մի շաբաթ անց Կատյան վերադարձավ: Սեքսի ժամանակ սրտից թույլ բառիգը մահացել էր, և Կատյան նորից Շենգավիթ էր եկել: Կատյայի հետ քնած թաղի տղամարդիկ որոշեցին նրան տուն` Ռուսաստան ուղարկել և դրա համար հանգանակություն արեցին:
Հայաստանում Կատյայի վերջին գիշերն էր: Առավոտյան նրան գնացքով ճանապարհելու էին: Կատյան ոչ մեկին ներս չէր թողել և ասել էր, որ ինքը կընտրի իր հետ վերջին գիշերն անցկացնողին: Տղամարդիկ Գեղամի տան առաջ կանգնել, սպասում էին, որ Կատյան դուրս գա ու ընտրություն կատարի: Վերջապես Կատյան տանից դուրս եկավ: Գեղամը վստահ էր, որ իրեն էր ընտրելու, մոտեցավ նրան, բայց Կատյան քայլեց դեպի Կարենը, բռնեց նրա ձեռքից ու իր հետ տուն տարավ: Մահճակալի մոտ կանգնեցին: Պատուհանից եկող քամին զովացնում էր Կարենի քրտնած մեջքը: Կատյան բառիգի տնից իր հետ բերած ծաղկավոր շրջազգեստը հանեց և մերկացավ: Կարենը նայում էր լուսնի լույսով լուսավորված Կատյային և ուզում էր փախչել: Ոչ Կատյային գրկելու, ոչ էլ փախչելու համար ուժ չէր գտնում: Կատյան մոտեցավ նրան և դեմքը, վիզը համբուրելով` սկսեց նրա վերնաշապիկի կոճակներն արձակել: Հետո հանեց կոշիկները, շալվարը, գուլպաները, վարտիքը, լրիվ մերկացրեց Կարենին: Նրա ձեռքից բռնելով մահճակալի մոտ տարավ, պառկեց ու ձեռքից քաշելով` նրան իր վրա պառկեցրեց: Ամոթից Կարենի լացը գալիս էր: Նրա առատ սերմնահեղուկը ծորում էր Կատյայի ոտքի ու փորի վրայով: Կատյան պինդ գրկեց Կարենին, և նրանք իրար փաթաթված քնեցին:
Կատյայի գնալուց հետո Գեղամն անդադար խմում էր և խմելիս էլ առիթը բաց չէր թողնում Կարենին ծեծելու համար: Այդ օրը, երբ Վլեն, Գոնչը, Բոյը, Գազանը, Գեղամն ու Կարենը ծաղկած բալենու տակ խմում էին, Կարենի դեմքի վրա դեռ նշմարվում էին վերջին ծեծի կապտուկները: Թաղի տղամարդիկ Գեղամի հետ լրջորեն խոսել էին, սպառնացել, որ եթե մեկ էլ Կարենի վրա ձեռք բարձրացնի, իրենք էլ նրան են ծեծելու: Կարենին ու Գեղամին ստիպել էին ձեռք ձեռքի տալ և որոշել էին նշել նրանց հաշտությունը: Բալենու տակ նստած խմում էին և բալենուց Կատյայի հոտն էին առնում: Լիտրերով խմում էին ու չէին հարբում, և որքան խմում, այնքան ավելի սուր էին զգում Կատյայի հոտը: Ամեն ինչ նրան էր հիշեցնում` տունը, այգին, պատի մոտ ընկած Կատյայի լողանալու տաշտը, որով նա նաև ջրում էր բալենին… Սրբիչը Կատյան տարել էր իր հետ:
Աղբյուրը՝ «Գրանիշ» գրական համայնք

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Չարենցի կրակոցը». Հովիկ Չարխչյան
Հաջորդ հոդվածըՕրվա երգը․ AC/DC - Back in Black
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: