«Ազրայիլ»․ Արայ Զարգարեան

«Ազրայիլ»․ Արայ Զարգարեան

572
Կիսվել
Ազրայիլ[1]
Արևի մահահոտ շողերն անկարող էին թափանցել ճաղավանդակից ներս: Պատերից փչող բորբոսահոտը մահվան նման դիպուկ էր ու պարզ: Խոնավ առաստաղից ծորացող տառապած գոլորշին ուժասպառ էր եղել: Այդ գորշ խուցը շարունակում էր պահպանել իր մղձավանջային վիճակը: Պատերին պահպանվում էին այլանդակ գրություններն ու նկարները: Ժամանակակից մարդու պատկերացումը ավելի տկար ու անասնական է, քան նախնադարյան կենդանակերպ մարդու մտքի թռիչքը: Վստահ եմ, որ կգա ժամանակը ու նորից կբարձրանանք ծառերի վրա, իսկ մեր փտած մարմինը կծածկվի սատանայական մերկությամբ:
       Անհոգի լռությունը սպանում էր անկենդան ձայները: Լռության պես պարզ ու հզոր երաժշտություն աշխարհում չկա: Ժանգոտ նստարանին փռված էր ոսկորներից կառուցված կենդանի մի կույտ: Աչքերը փակ էին, բայց զգացվում էր հայացքի անորոշությունը: Նրա սպիտակ զգեստը թաթախված էր արյան ու կեղտի մեջ: Հոգեբուժարանում միակ հիվանդն էր, որ նախընտրում էր հագնել կարմիր զգեստ: Մահճակալի ծայրին դրված էր սև փշեպսակ, որն իր հետ բերել էր հոգեբուժարան գալու առաջին իսկ օրը: Այդ անտարբեր փշեպսակը հոր կողմից իրեն կտակված միակ հուշն էր: Հոր ինքնասպանության մասին լեգենդները հուշի տեսքով էին հասել իրեն: Ինքնասպան լինելու անիմաստ սովորույթը դարեր շարունակ ուղեկցում էր այդ ընտանիքին: Կեղտոտ ձյան պես սպիտակ մաշկը, սավանի պես ծածկել էր մեղքի մեջ թաթախված մարմինը: Սավանի տակ մարմին չկար, իշխում էին միայն նողկալի ոսկորները: Նրա սյուռեալիստական դեմքը նման էր Դալիի կտավներին: Այդ սարսափազդու նկարի հեղինակը կիսամեռ հրեշտակ է եղել: Սփրթնած ճաղավանդակը երկար տարիներ շարունակում էր դիմադրել հիվանդներին: Դիակի անգույն ու անկենդան աչքերի մեջ հավիտյան դրոշմված էր սև փշեպսակը: Խցում անկենդանությունն ավելի ակնհայտ էր, քան դժոխքում, և նույնիսկ սատանայի ներկայությունն էր անիմաստ այստեղ, քանի որ իմաստ չկար գտնվել մի վայրում, որտեղ բացակայում էր կյանքը:
      Արդեն մի քանի տարի է, ինչ հոգեբուժարանում դադարել էին հիվանդների ոռնոցները: Նրանք անիմաստ էին համարում գոռալ ու ճչալ, քանի որ այդ ամենը փրկություն չէր բերում իրենց: Հասկանալով, թե ինչ է կյանքը` նրանք անվերջ գոռում էին: Հիվանդների կատարած ցնորամիտ քայլերը անկարող է անել ցանկացած հասուն ու գիտակից մարդ, քանի որ մարդկային տկար մտածելակերպը ի զորու չէ գործել այդ ոճով: Տարօրինակ վարքագծով հայտնի քամին շրջում էր հոգեբուժարանում: Նա միակն էր այստեղ, որ ազատության մեջ էր գտնվում: Առաստաղից կախված լույսը անորոշության մեջ էր գտնվում: Կախվելու առաջին իսկ օրվանից չէր կարողանում մահանալ: Գիշերները երկնքից կախված արթուն աչքի նման հսկում էր բոլորին: Լույսը` երկնքում կախվածներից միակն էր, որ դեռ կենդանի էր մնացել:
      Հիվանդի փակ աչքերը շարունակում էին գամված մնալ անորոշության մեջ: Նրա սպիտակ արյունը, տարածվելով մարմնով մեկ, զրկել էր կենդանության գույնից: Դիահերձարանում հանգստացող մարդկանց մոտ կենդանությունն ավելի ակնհայտ էր, քան ճերմակավորի դեմքին: Անցած գիշեր երազում էլեկտրասյուն էր տեսել, միգուցե դա էր պատճառը, որ ամբողջ օրը այդ մտքերի մեջ թաղված մնաց: Մռայլ էլեկտրասյունը հոսանքի զայրույթից սևացել էր: Էլեկտրասյան մեջ բանտարկված էր ու պայքարում էր դուրս գալ ճաղերի հետևից: Նորից այդ մռայլ ճաղավանդակը…..
Ինչու՞ դագաղի փոխարեն մեզ չեն թաքցնում վանդակի մեջ, այդպես ավելի ակնհայտ ու տպավորիչ է բանտարկված լինել մահվանը: Քամին երկնքում պտտեցնում էր սպիտակ զգեստներ: Երկինքն ամբողջովին ծածկված էր հոգիների մի այլանդակ թափորով: Դժողքում տեղ չկար, այդ իսկ պատճառով նրանց երկիր էին ուղարկել: Սև երկնքում փոթորիկը խառնել էր ամեն ինչ: Երկնքից կախված լամպը սև լուսավորում էր ստացել: Ճաղավանդակը շիկնեց: Լամպի զայրույթից բոցկլտաց ամբողջ երկինքը: Մոխրացած զգեստները ցած իջեցնելով միախառնվեցին մրոտ հողի հետ: Ղուրանի առաջին էջերը սկսեցին այրվել: Մեքքայում դադարեցին բոլոր ձայները: Տղան շոշափեց մարմինն ու զգաց, որ անհայտացել են կողոսկրերը: Անողնաշար մարդու մասին լեգենդը վերադառնում էր: Երբեք այսքան հարազատ չէր թվացել իրեն մահը: Մահվան հետ մտերմությունը ավելի զորավոր էր, քան կյանքի նկատմամբ գիտակցությունը: Գլխուղեղից հոսող սև արյունը, հանդիպելով էլեկտրասյանը, գոլորշիացան: Քամին այստեղ նույնպես ազատության մեջ էր: Էլեկտրասյանը բախվելիս պահպանում էր իր դառը լռությունը: Ամայության մեջ արարիչը էլեկտրասյունն էր: Բնության կողմից ճնշումն ավելի մեծ թափ առավ:
      Գիշերային մթության մեջ թաղված էին բոլոր գաղտնիքները: Ցերեկային լուսավորությունը մեղսագործ մարդու համար ամենամեծ թշնամին է: Լավագույն հանցանքների կատարման ճիշտ ժամանակը գիշերն է: Պատահական չէ, որ խաչելության ժամանակ երկինքն իսկույն մթնեց: Քամին ուժասպառ եղավ: Էլեկտրասյան դիմաց հայտնվեց դիմագծերից զուրկ մի կին` ձեռքին սև փշեպսակ: Դողացող մատներով այնքան ամուր էր բռնել թագը, որ արյունը դուրս փախավ նրա մատներից: Հոր կողմից ուղարկված հրեշտակը թագադրեց տականքին: Էլեկտրասյունն իսկույն պայթեց: Փոթորիկը ոտքի հանեց բոլորին, անգամ հողի տակ թաղված աներևույթ հոգիներին ու զգեստներին:Նրանք երկնքում աներևակայելի պտույտներ գործելով հայտնվեցին բնության ուշադրության կենտրոնում: Պարահանդեսն ավարտվեց: Ամայությունը կատարյալ էր: Պատից կախված լույսը ընկեր գտավ իրեն: Այդքան տարիներ տևած միայնությունը ստիպել էր իրեն հավատալ, որ կյանքում երջանիկ պահեր չեն լինում: Քամին դուրս փախավ սենյակից: Մահվան գույնով ներկված զգեստից արյունը ռիթմիկ տեմպով էր ցած նետվում: Փշալարն իր ամբողջ հմայքով խրվել էր հիվանդի տկար ուղեղի մեջ: Թագադրված ասպետի համար ավարտվեց խաչակրաց վերջին արշավանքը: Վախն ու սարսափը ստիպեցին, որ ճաղավանդակը մահանա: Նա դատապարտվեց մահվան վանդակի մեջ: Պատից կախված լույսն իսկույն պայթեց: Պատերի գրություններն ավելացան ևս մեկ խզբզանքով: Սև գոլորշին սպանեց սենյակի օդը: Երկաթյա դուռը բացվեց..Ազրայիլն արդեն սենյակում էր:
 1Ազրայիլ- իսլամում մահվան հրեշտակ

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Голодные игры: Сойка-пересмешница 2»․ կինովերլուծություն
Հաջորդ հոդվածըԳյոթեի ծաղիկները
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: