Երբ «Այո» ասողն ասաց «ոչ»․․․

Երբ «Այո» ասողն ասաց «ոչ»․․․

483
Կիսվել
Օրացուցային տարիների արանքում թաքնված ապտակները առաջնահերթ սովորեցնում են համբերել, գոյատևել։ Տարիքդ առնելուն պես սկսում ես այլ կերպ նայել քաղաքի փոշուն, երիտասարդ մոր ձեռքը բռնած շփոթված աղջկա մանկապարտեզի քայլերին, անթաքույց նարցիզմով տառապող պարոնների ճառերին։
Ստեղծում ես ապրելու քո թեորեմն ու համակերպվում մարդկային մեծ պարտության էպոսի հետ։
2015 թվականի սկիզբն էր․ 14-ի լաբիրինթոսից նոր էի դուրս եկել, նոր սկսել էի զգալ ձգողական ուժը ոտքերիս վրա, երբ օրերի ու մանրուքների արանքում միտք հղացավ։ Անկեղծ, սկսել էի վախենալ նոր մտքերից, ապրում էի մարդաբնազդային վետվետումներով։ Բայց այդ նորաթուխ, ծակող մանրամիտքը հանգիստ չէր տալիս։ Պատուհանագոգին հենված՝ ես ու գարեջուրը հաճախ էինք մտածում հայ գրականության անապատացման մասին ու համարում, որ մեդիա դաշտում գրական-մշակութային թարմ ու երիտասարդական նախաձեռնության առկայությունը անհրաժեշտություն է։
Այդ միտքս տեգի վերածած սկսեցի խոցոտել ընկերներիս ու ծանոթներիս և հասկացա, որ միայն ես չեմ, որ տեսնում եմ այդ անհրաժեշտությունը։ Ինքնըստինքյան ստեղծվեց թիմ, գաղափարն ու նպատակը նույնպես կար։ Նախաձեռնությունը «երկաթգծի» վրա  դնելու համար մնում էր միայն հայթայթել որոշակի ֆինանսական միջոցներ։ Բոլոր հնարավոր ու անհնարին տարբերակները քննարկելուց, փորձելուց ու հիասթափվելուց հետո որոշեցինք դիմել մի պաշտոնյայի, ավելի ճիշտ Բաղրամյան փողոցի վրա գտնվող, Ազգային Ժողով անունը ստացած շենքի պատգամավորից մեկին, ով բացի պետական-քաղաքական գործունեությունից զբաղվում էր ստեղծագործելով և մի քանի գիրք էր հրատարակել։ Ազնիվ լինելու համար ասենք, որ գիրքն ու ստեղծագործական միտքը միջակության հավաքական օրինակ կարող էր ծառայել՝ դասական դառնահամ փոշիով ու մերձգրական մացառուտների ճահճահոտով։
Հանդիպեցինք Փոքր Կենտրոնի «էլիտար» սրճարաններից մեկում, ընդունեց մեզ կիսագործնական ու անտարբեր, լսեց ու ցրված պատասխանեց, որ կմտածի ու կզանգի։
Մի քանի օր անց մենք զանգահարեցինք ու լսեցինք գերհայկական «խառնեմ, կզանգեմ» արտահայտությունը։
Հետո գովազդային ընդմիջման կամ դպրոցական դասամիջոցի պես անցավ հերթական կես տարին, սկսվեց սահմանադրական փոփոխությունների մասին նախագծի քարոզարշավը, տեսա նրան հեռուստացույցով։ Որպես ամենահին կուսակցության ներկայացուցիչ, որպես երեք իշխանությունների թրի տակով անցած ու ոչ մի սպի չստացած վետերան՝ նա «Այո» էր ասում։ «Այո» էր ասում․․․

Հովհաննես Եսայան

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն