«Ստաժորը»․ կինովերլուծություն

«Ստաժորը»․ կինովերլուծություն

722
Կիսվել
«Ստաժորը»․ Կինովերլուծություն
Քիչ առաջ վերջացրի իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկը՝ ֆիլմ դիտելը։ Երկար ժամանակ է, ինչ ցանկություն ունեի դիտելու «Ստաժոր» մելոդրաման։ Այս ֆիլմը արդարացրեց իրեն, ինչպես և Նենսի Մեյերսի՝ մարդկանց բարդ փոխհարաբերությունների վրա կառուցված մյուս գործերը («Чего хотят женщины», «Отпуск по обмену», «Ловушку для родителей», «Простые сложности»)։ Այն ուներ բարձրակարգ դերասանական կազմ, որտեղ իր անզուգական խաղը ցույց տվեց Ռոբերտ Դե Նիրոն՝ ապացուցելով, որ նրա փայլուն խաղը տարիք չի ճանաչում։ Նրան ընկերակցեց «Միսս հոլիվուդյան ժպիտ» Էնն Հեթուեյը։ Միայն այս անունները բավարար են ողջ ընտանիքով հեռուստացույցի առաջ համախմբվելու համար։
 Եթե «Дьявол носит «Prada»» ֆիլմում Էննը ինքն է ստաժոր, ապա այս դեպքում նա հաջողակ բիզնես լեդի է։ Ջուլս Օսծինը՝ նրա կերտած հերոսուհին, բարի է, արդարամիտ, զգացմունքային, բայց միևնույն ժամանակ խստապահանջ և որոշ չափով վատատես։ Նա ունի ամեն բան, ինչի մասին կերազեր ցանկացած երեսունամյա կին՝ հրաշալի երեխա, այդ երեխային խնամելու համար իր աշխատանքից հրաժարված ամուսին և մեծ գումարներ բերող նախաձեռնություն։ Սակայն ամեն ինչ այնքան էլ հեքիաթային չէ․ Ջուլսը աշխատանքի բերումով ոչ մի բանի համար ժամանակ գրեթե չունի։ Այդ իսկ պատճառով երեխայի դաստիարակությամբ զբաղվում է հայրը, որը իր հերթին դավաճանում է կնոջը, ով այդ մասին գիտի, սակայն լռում է, քանի որ ուղղակի սարսափում է մենակությունից։ Իսկ ընկերությունը, որը ստեղծել է Ջուլսը, պահանջ ունի նոր տնօրենի։ Այս խառնաշփոթը լուծում է Ջուլսի ղեկավարության տակ հայտնված յոթանասունամյա թոշակառու Բեն Ուիտակեռը։ Նա, երկար ժամանակ աշխատելով հեռախոսագրքույկների արտադրության ֆաբրիկայում, անգործ էր մնացել միչև Ջուլսի ընկերությունում ստաժոր դառնալը։ Նա այստեղ իր խորհուրդներով օգնում է գործընկերներին, ձեռք է բերում ընկերուհի և, ամենակարևորը, թույլ չի տալիս իր բոսսին հուսահատվել՝ անկեղծորեն հպարտանալով նրա աշխատասիրությամբ։
Ֆիլմը, չնայած որոշ փոքր թերությունների, հաջողվել է։ Այն համեմված է հումորային տեսարաններով, ինտիմ, բայց շատ կոկիկ ու ընդունելի ներկայացված հատվածներով, բարությամբ և ժամանակակից երիտասարդության համար օգտակար խորհուրդներով։  Եթե չեք դիտել այս մոտիվացնող ու սեփական ուժերին հավատալ սովորեցնող ֆիլմը, ապա շտապեք, որովհետև 2016 թվականը լի է նոր ու հետաքրքիր կինոնկարներով։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն