«Չոր սեպտեմբեր». Ուիլյամ Ֆոլկներ

«Չոր սեպտեմբեր». Ուիլյամ Ֆոլկներ

467
Կիսվել
I
Սեպտեմբերյան արյունոտ մթնշաղի մեջ, վաթսուներկու անանձրև օրերից հետո, ինչպես կրակը՝ չորացած խոտի մեջ, տարածվեց շշուկը կամ պատմությունը օրիորդ Միննի Քուփըրի և մի սևամորթի մասին: Հարձակում, վիրավորանք, ահաբեկություն․ նրանցից ոչ ոք, ― հավաքված վարսավիրանոցում այդ շաբաթ երեկո, որտեղ առաստաղից կախված հովհարը շարժում էր՝ սակայն չթարմացնելով ապականված օդը, հետադարձ ալիքներով նրանց վրա մղելով քսուքների և լոսյոնի խեղդուկ հոտերը՝ խառնված իրենց իսկ խեղդուկ շնչերին ու հոտերին,― ստույգ չգիտեր, թե ինչ էր պատահել:
― Բայց թե Ուիլ Մեյզը չի եղել, ― ասաց մի վարսավիր: Նա միջին տարիքի նիհար, բացգույն մաշկով ու մեղմադեմ մի տղամարդ էր, որը մի հաճախորդի էր ածիլում:― Ես Ուիլ Մեյզին գիտեմ: Նա լավ նեգր է: Օրիորդ Միննի Քուփըրին էլ գիտեմ:
― Ի՞նչ գիտես օրիորդի մասին, ― ասաց մի երկրորդ վարսավիր:
― Ո՞վ է նա,― ասաց հաճախորդը:― Ջահել աղջի՞կ:
― Ոչ,― ասաց վարսավիրը:― Քառասունին մոտ է, ինձ թվում է: Ամուսնացած չի: Դրա համար էլ չեմ հավատում, թե…
― Հավատո՜ւմ, դժո՛խք, ― ասաց մի ծանրամարմին պատանի՝ քրտինքից տեղ-տեղ թրջված մետաքսե վերնաշապիկով:― Դու սպիտակ կնոջ խոսքի՞ն կհավատաս, թե՞ նեգրի:
― Ես չեմ հավատում, որ Ուիլ Մեյզն արած լինի,― ասաց վարսավիրը:― Ես Ուիլ Մեյզին գիտեմ:
― Գուցե գիտե՞ս, թե ով է արել, ուրեմն: Գուցե նրան արդեն փախցրե՞լ ես քաղաքից, գրողի տարած նեգրասեր:
― Ես չեմ հավատում, թե որևէ մեկն ինչ-որ բան արել է: Չեմ հավատում, թե ինչ-որ բան պատահել է: Դեհ, դուք ասեք, չգիտե՞ք, որ պառաված օրիորդները հասկացողություն չունեն, որ տղամարդը չի կարող…
― Ուրեմն դու գրո՛ղ ես, թե սպիտակամորթ ես, ― ասաց հաճախորդը: Նա լաթի տակ շարժվեց: Պատանին վեր թռավ տեղից:
― Չե՞ս հավատում, ― ասաց նա: ― Դու սպիտակ կնոջը մեղադրում ես ստելու մե՞ջ:
Վարսավիրն ածելին պահեց վեր՝ կիսով չափ տեղից բարձրացած հաճախորդի գլխավերևում: Չշրջվեց:
― Այս անիծված եղանակից է,― ասաց մեկ ուրիշը:― Մարդու կստիպի ինչ ասես անել: Թեկուզ օրիորդ Միննիի հետ:
Ոչ ոք չծիծաղեց: Վարսավիրը խոսեց նույն մեղմ, համառ եղանակով.― Ես ոչ ոքի ոչնչում չեմ մեղադրում: Ես միայն գիտեմ, և դուք էլ գիտեք, որ մի կին, որը երբեք…
― Գրողի տարած նեգրասեր,― ասաց պատանին:
― Ձայնդ, Ցլիկ,― ասաց մեկ ուրիշը:― Ժամանակ շատ կա, փաստեր կգտնենք, հետո կգործենք:
― Ո՞վ: Ո՞վ կգտնի,― ասաց պատանին:― Փաստե՜ր, դժո՛խք: ես…
― Դու հիանալի սպիտակամորթ ես,― ասաց հաճախորդը: Իր փրփրապատ մորուքով նա նման էր ճագարամկան՝ կինոյում:― Նրանց ասա, Ջեք,― դիմեց նա պատանուն,― որ եթե այս քաղաքում սպիտակ տղամարդիկ չկան, ապա կարող ես հույսդ ինձ վրա դնել, թեկուզև ես շրջիկ գործակատար եմ ու տեղացի էլ չեմ:
― Ճիշտ է, տղաներ,― ասաց վարսավիրը:― Նախ ճշմարտությունը պարզեք: Ես Ուիլ Մեյզին ճանաչում եմ:
― Բա՜հ, Աստվա՛ծ,― բղավեց պատանին:― Հլա մտածեք, այս քաղաքում սպիտակ տղամարդը…
― Ձայնդ, Ցլիկ,― ասաց երկրորդ խոսողը:― Ժամանակ շատ ունենք:
Հաճախորդը տեղում ուղղվեց: Նայեց խոսողին: ― Դու պնդում ես, որ սպիտակ կնոջ վրա հարձակված նեգրին ներո՞ւմ կա: Ուզում ես ասել, որ սպիտակ տղամարդ ես ու պաշտպանո՞ւմ ես: Դու լավ կանես՝ գնաս հյուսիս, որտեղից որ եկել ես: Հարավում քեզ նմանները պետք չեն:
― Ի՞նչ հյուսիս,― ասաց երկրորդը:― Ես այս քաղաքում եմ ծնվել-մեծացել:
― Բահ, Աստված,― ասաց պատանին: Նա նայեց շուրջը լարված, շփոթահար հայացքով, ասես ջանում էր մտաբերել, թե ինչ էր ուզում ասել կամ անել: Թևքը քսեց քրտնած դեմքին:― Անիծվեմ, եթե թույլ տամ, որ սպիտակ կնոջը…
Ցանցապատ դուռն աղմուկով բացվեց: Մի մարդ էր կանգնած շեմքում, ոտքերն իրարից հեռու դրած, մսեղ մարմնի հավասարակշռությունը թեթևորեն պահած: Նրա սպիտակ վերնաշապիկը վզի մոտ բաց էր. գլխին նրբաթաղիքե գլխարկ կար: Նրա բարկ, հանդուգն հայացքը սահեց խմբի վրայով: Նրա անունը ՄքԼենդըն էր: Ֆրանսիայում, ռազմաճակատում, նա հրամանատար էր եղել և պարգևատրվել արիության համար:
― Լավ,― ասաց նա,― պիտի նստեք այստեղ ու թողնեք, որ մի սևամորթ լակոտ սպիտակ կնոջը բռնաբարի Ջեֆերսոնի փողոցներում:
Ցլիկը նորից վեր թռավ: Վերնաշապիկի մետաքսը հարթ կպել էր լայն ուսերին: Անութափոսերի տակ մուգ կիսալուսիններ էին գոյացել:― Ես էլ հենց դա եմ ասում: Ես էլ հենց…
― Դա իսկապե՞ս պատահել է,― ասաց երրորդը:― Առաջին անգամը չի, որ նա տղամարդուց վախենում է, ինչպես Բազեն է ասում: Մի տարի առաջ էլ չէ՞ր տարածել, թե իբր խոհանոցի տանիքից մի տղամարդ իրեն նայել էր հանվելիս:
― Ի՞նչ,― ասաց հաճախորդը:― Դա՞ ինչ է:― Վարսավիրը նրան դանդաղ հրելով նստեցնում էր աթոռին, նա դեպի ետ շրջված անշարժացել էր, գլուխը՝ բարձր, իսկ վարսավիրը նրան էլի սեղմում էր տեղը:
ՄքԼենդընը վրա տվեց երրորդ խոսողին: ― Պատահե՞լ: Ի՞նչ տարբերություն: Սև լակոտներին անպատիժ եք թողնելու, մինչև որ մեկնումեկն իսկապես անի՞:
― Ես էլ հենց դա եմ ասում,― բղավեց Ցլիկը: Նա հայհոյեց, երկար ու բարձր, անհասցե:
― Դե, դե ― ասաց չորրորդը:― Մի քիչ կամաց:― Շատ բարձր ես խոսում:
― Իհարկե,― ասաց ՄքԼենդընը.― խոսել պետք էլ չի: Ես խոսել-պրծել եմ: Ո՞վ է ինձ հետ:― Նա կանգնել էր տեղում, աչքերը ոլորելով ներկաների վրա:
Վարսավիրը շրջիկ առևտրականի դեմքը թեքեց ցած, ածելին վեր պահած:― Նախ փաստերը պարզեք, տղաներ: Ես Ուիլլի Մեյզին գիտեմ: Նա չի եղել: Եկեք շերիֆին գտնենք ու գործին արդարացի մոտենանք:
ՄքԼենդընը կատաղի, խիստ դեմքն արագորեն դարձրեց նրան: Վարսավիրը հայացքը չփախցրեց: Նրանք ասես տարբեր ցեղերի մարդիկ լինեին: Մյուս վարսավիրները նույնպես անշարժացել էին՝ իրենց գլխահակ հաճախորդների կողքին:― Ուզում ես ասել, ― ասաց ՄքԼենդընը,― որ ավելի շուտ նեգրի խոսքին կհավատաս, քան՝ սպիտակ կնո՞ջ: Ահ, անիծված նեգր սիրող…
Երրորդ խոսողը վեր կացավ, ՄքԼենդընի թևը բռնեց, նա նույնպես զինվոր էր եղել:― Դե, դե: Եկեք բանը լրիվ պարզենք: Ո՞վ գիտի, թե իսկապես ի՞նչ է պատահել:
― Գրո՛ղ պարզենք,― ՄքԼենդընը թևը թափ տալով ազատեց:― Ով գալիս է հետս՝ վեր կենա: Ով որ չի…― Նա հայացքը պտտեց, թևքը քսելով դեմքին:
Երեք տղամարդ վեր կացան: Շրջիկ գործակատարը տեղում ուղղվեց: ― Դեհ,― ասաց նա, ուսերին գցված լաթը քաշելով.― հանի՛ր այս քուրջը: Ես նրա հետ եմ: Ես այստեղ չեմ ապրում, բայց, Աստված վկա, եթե մեր մայրերին, կանանց ու քույրերին… ― Նա լաթը քսմսեց դեմքին ու շպրտեց հատակին: ՄքԼենդընը կանգնած էր շեմքում և հայհոյում էր մյուսներին: Էլի մեկը վեր կացավ ու շարժվեց նրա կողմը: Մնացածներն անհանգիստ նստել էին, միմյանց չնայելով, հետո մեկ առ մեկ վեր կացան ու միացան նրան:
Վարսավիրը լաթը վերցրեց հատակից: Սկսեց խնամքով ծալել:
― Տղաներ, մի արեք այդ: Ուիլ Մեյզը ոչ մի դեպքում այդպիսի բան չի արել: Ես գիտեմ:
― Գնացինք,― ասաց ՄքԼենդընը: Նա արագ շրջվեց: Ազդրագրպանից ցցվել էր ծանր ավտոմատ ատրճանակի կոթը: Նրանք դուրս ելան: Ցանցապատ դուռը շրխկաց նրանց հետևից, արձագանքվելով մեռյալ օդում:
Վարսավիրն ածելին զգույշ ու արագ սրբեց ու մի կողմ դրեց, վազեց սրահի խորքն ու վերցրեց գլխարկը: ― Կվերադառնամ ինչքան կարող եմ՝ շուտ, ― ասաց նա մյուս վարսավիրներին:
― Չեմ կարող թողնել, որ…― Նա դուրս ելավ, վազելով: Մյուս վարսավիրները հետևեցին նրան մինչև մուտքը և պահեցին փակվող դուռը, դուրս կախվելով ու նայելով փողոց՝ նրա ետևից: Օդն անշարժ էր ու մեռյալ: Լեզվի հիմքի մոտ մետաղի համ էր տալիս:
― Նա ի՞նչ կարող է անել,― ասաց առաջինը: Երկրորդը շունչը պահած կրկնում էր՝ Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս:― Եթե ՄքԼենդընին ջղայնացրիր՝ ուրեմն մեկ է՝ Ուիլ Մեյզն ես, թե Բազեն:
― Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս,― շշնջում էր երկրորդը:
― Կարծում ես՝ նա իսկապե՞ս այդպիսի բան արել է,― ասաց առաջինը:
II
Միննի Քուփըրը երեսունութ թե երեսունինը տարեկան էր: Ապրում էր հաշմանդամ մոր և նիհար, դժգույն, անհողդողդ հորաքրոջ հետ՝ փայտակապ փոքրիկ տանը, ամեն առավոտ տասից տասնմեկը հայտնվելով ծածկապատշգամբում՝ զարդախուցային ժանեկավոր գլխանոցով, ճոճքին նստած ճոճվելու մինչև կեսօր: Ճաշից հետո պառկում էր, մինչև որ օրն սկսեր զովանալ: Հետո, հագին շղարշե երեք-չորս նոր զգեստներից մեկը, որ ձեռք էր բերում ամեն ամառ, իջնում էր քաղաք՝ հետկեսօրն անցկացնելու խանութներում՝ ուրիշ կանանց հետ, ապրանքները շոշափելով ու գների մասին սակարկելով սառը, անմիջական ձայներով, առանց գնելու որևէ մտադրության:
Նա Ջեֆերսոնի բարեկեցիկ մարդկանցից էր ― ոչ լավագույններից, բայց բավական լավերից ― և տակավին բարակիրան, պայծառ, փոքր-ինչ ըմբոստ շարժուձևով ու հագուստով: Երիտասարդ ժամանակ ունեցել էր բարակ, ջղուտ մարմին և մի տեսակ խստաբարո կենսուրախություն, որը նրան հնարավորություն էր տվել միառժամանակ գտնվել քաղաքի բարձր հասարակության մեջ, հաճախելով նաև դպրոցական հավաքույթներին ու եկեղեցի՝ հասակակիցների հետ, դեռ երեխա՝ դասակարգային ինքնագիտակցություն ունենալու համար:
Նա վերջինն ըմբռնեց, որ կորցնում է դիրքը, որ նրանք, ում մեջ ինքը մի քիչ ավելի պայծառ ու աչք ծակող բոց էր եղել, քան մեկ ուրիշը, սկսում էին ճանաչել սնոբիզմի (տղամարդիկ) ու վրեժի (կանայք) հաճույքը: Այդ ժամանակ նրա դեմքին հայտնվեց այդ պայծառ, ըմբոստ արտահայտությունը: Նա այն տակավին կրում էր հավաքույթների գնալիս՝ ստվերոտ սյունասրահներում ու ամառային սիզամարգերում, ինչպես դիմակ կամ դրոշակ, ճշմարտությունն ընդունելու մոլեգին հրաժարումի մոլորվածությունն աչքերում: Մի երեկույթի ժամանակ նա լսեց մի տղայի ու երկու աղջկա խոսակցություն, բոլորն էլ՝ դպրոցականներ: Ուրիշ հրավեր նա այլևս չընդունեց:
Նրա աչքի առաջ այն աղջիկները, ում հետ մեծացել էր, ամուսնանում էին, տունուտեղ դնում ու երեխաներ ունենում, բայց ոչ մի տղամարդ կայունորեն չէր այցելում նրան, մինչև որ արդեն քանի տարի մյուս աղջիկների երեխաները նրան «մորաք» էին անվանում, իսկ մայրերը պայծառ ձայներով նրանց պատմում էին, թե Միննի մորաքույրը ժամանակին որքան հանրաճանաչ էր: Հետո քաղաքը նրան տեսնում էր կիրակի հետմիջօրեներին դրամատան գանձապահի հետ մեքենայով շրջելիս: Սա քառասունին մոտ այրիացած տղամարդ էր, կարմիր մաշկով, ումից միշտ վարսավիրանոցի կամ վիսկու թույլ հոտ էր գալիս: Քաղաքում նա առաջինը ինքնաշարժ ունեցավ, կարմիր, երկտեղանի, ավտոմեքենայով զբոսնելու առաջին գլխարկն ու շրջազգեստը քաղաքը տեսավ օրիորդ Միննիի հագին: Հետո քաղաքն ասում էր՝ Խեղճ Միննի: ― Բայց Նա բավականաչափ մեծ է՝ իր մասին հոգալու համար,― ասում էին մյուսները: Դա այն ժամանակ էր, երբ նա խնդրեց իր հին դասընկերուհիներին, որ նրանց երեխաներն իրեն անվանեն «զարմուհի»՝ «մորաքի» փոխարեն:
Հիմա արդեն տասներկու տարի էր, ինչ հասարակական կարծիքը նրան համարում էր առաքինազուրկ, և ութ տարի՝ ինչ գանձապահը տեղափոխվել էր Մեմֆիսի դրամատներից մեկը և մեկ օրով վերադառնում էր ամեն Ծննդյան տոնի, որն անցկացնում էր ամուրիների ամենամյա երեկույթում՝ որսորդական ակումբում, գետափին: Իրենց վարագույրների ետևից հարևանները տեսնում էին ակումբականներին՝ փողոցով անցնելիս և տոնի առթիվ այցելության ժամանակ Միննիին պատմում նրա մասին, թե նա որքան լավ տեսք ուներ, և որ լսել էին, թե բարգավաճում է քաղաքում, պայծառ, թաքուն հայացքներով դիտելով նրա ըմբոստ, պայծառ դեմքը: Սովորաբար այդ ժամին նրա շնչի մեջ վիսկու հոտ էր լինում: Վիսկին նրան մատակարարում էր մի պատանի, սոդայաջրի կրպակի մի վաճառող.― Հա. պառավի համար եմ գնում: Ինձ թվում է՝ նա մի քիչ զվարճանալու իրավունք ունի:
Մայրն այժմ միշտ իր սենյակում էր մնում, նիհար հորաքույրն էր վարում տնտեսությունը: Այդ հենքի վրա Միննիի պայծառ շրջազգեստները, նրա պարապ ու դատարկ օրերը խիստ անիրական էին երևում: Երեկոները նա հիմա դուրս էր գալիս միայն կանանց հետ, հարևանների, ու գնում կինո: Ամեն հետկեսօր հագնում էր նոր զգեստներից մեկնումեկն ու մենակ իջնում քաղաք, որտեղ նրա պատանի «զարմուհիներն» արդեն շրջում էին՝ նուրբ, մետաքսե գլուխներով ու բարակ, մանկական թևերով ու զգայուն ազդրերով, իրար փարվելով կամ աղմկելով ու քրքջալով սոդայաջրի կրպակի մոտ զույգ-զույգ կանգնած տղաների հետ, երբ նա անցնում-գնում էր խանութների ստվար շարքի առջևով, որոնց շեմերին անգործ նստած տղամարդիկ արդեն հայացքով էլ չէին ուղեկցում նրան:
III
Վարսավիրն արագ-արագ բարձրացավ փողոցով, որտեղ նոսր լույսերը, շուրջը պտտվող միջատներով, շողում էին՝ խստորեն ու զայրագին կախված անկյանք օդում: Փոշին վարշամակի նման ծածկել էր վախճանված օրը. հոգնամաշ փոշով պատանված մթին հրապարակի վերևում երկինքը մաքուր էր, ինչպես արույրե զանգի ներսը: Քիչ ցածում, արևելքում, աղոտ երևում էր կրկնակի մեծացած լուսնի փայլը:
Երբ հասավ նրանց ետևից, նրանք նրբանցքում մեքենա էին նստում: ՄքԼենդընը հաստ գլուխը կռացրեց ու դուրս նայեց վերնամասի տակից: ― Միտքդ փոխեցիր, հա՞,― ասաց նա:― Լավ արեցիր. Աստված վկա, վաղը, երբ քաղաքը լսի, թե դու ինչ էիր խոսում այսօր…
― Դե, դե,― ասաց մյուս նախկին զինվորը:― Բազեն կարգին տղա է: Պրծիր, Բազե, ներս մտիր:
― Ուիլ Մեյզը ոչ մի դեպքում այդպիսի բան չի արել, տղաներ,― ասաց վարսավիրը:― Եթե առհասարակ որևէ մեկն արել է: Ախր, դուք էլ ինձ նման լավ գիտեք, որ մեր քաղաքի նեգրերից լավերը ոչ մի տեղ չկան: Այն էլ գիտեք, թե ինչպես կանայք կարող են առանց պատճառի տղամարդուն կասկածել, իսկ օրիորդ Միննին էլ հո…
― Իհարկե, իհարկե,― ասաց զինվորը:― Մենք միայն հետը մի քիչ խոսելու ենք. այդքան բան:
― Գրո՛ղ ենք խոսելու,― ասաց Ցլիկը:― Երբ վերջացնենք այդ…
― Ձա՛յնդ, Աստծու սիրույն,― ասաց զինվորը:― Ուզում ես, որ քաղաքում բոլորը…
― Մենք դրանց կասենք, Աստված վկա,― ասաց Մքլենդընը:― Կասենք բոլոր լակոտներին, ով որ թույլ կտա, որ սպիտակ կինը…
― Գնացինք, գնացինք, ահա մյուս մեքենան:― Երկրորդ ավտոմեքենան հռնդյունով դուրս սահեց փոշու ամպի միջից՝ նրբանցքի մուտքից: ՄքԼենդընն իր մեքենան գործի գցեց և առաջնորդեց: Փոշին պարուրել էր փողոցը, ինչպես մառախուղ: Փողոցային լապտերները, լուսապսակներով պատված, ասես կախված լինեին ջրի մեջ: Մեքենաները դուրս եկան քաղաքից:
Անվահետքերով ակոսված նեղ ճանապարհը քանիցս թեքվում էր ուղիղ անկյան տակ: Ճանապարհի վրա նույնպես փոշի էր կախված, ինչպես և ամբողջ տարածության: Երկնքի դիմաց հառնեց սառցագործարանի մթին զանգվածը, որտեղ Ուիլ Մեյզը գիշերային պահակ էր:― Ավելի լավ է՝ այստեղ կանգնենք, ճիշտ չի՞, ― ասաց զինվորը: ՄքԼենդընը չպատասխանեց: Մեքենան առաջ քաշեց ու արգելակեց, լուսարձակներն ուղղած մերկ պատին:
― Ինձ լսեք, տղաներ,― ասաց վարսավիրը,― հենց այն, որ նա այստեղ է, չի՞ ապացուցում, որ նա այդպիսի բան չի արել: Հը՞: Եթե արած լիներ, կփախչեր: Չե՞ք հասկանում, որ կփախչեր:― Երկրորդ ավտոմեքենան մոտեցավ ու կանգնեց: ՄքԼենդընն իջավ, Ցլիկը ցած թռավ ու կանգնեց նրա կողքին:― Լսեք, տղաներ,― ասաց վարսավիրը:
― Լույսերը հանգցրու,― ասաց ՄքԼենդընը: Նրանց պարուրեց անշունչ խավարը: Ոչ մի ձայն չկար՝ բացի նրանց թոքերի փնչոցներից, որոնք օդ էին փնտրում խանձված փոշու մեջ, որի մեջ ապրել էին երկու ամիս, ապա՝ ՄքԼենդընի ու Ցլիկի քայլերի նվազող ճռճռոցը և, մի պահ անց, ՄքԼենդընի ձայնը.
― Ուիլ… Ուիլ:
Արևելքում լուսնի թույլ արյունահոսությունը սաստկացավ: Բոլորակը բարձրանում էր տանիքի կատարից վեր, արծաթազօծելով օդը, փոշին, այնպես որ թվում էր, թե նրանք շնչում, ապրում էին հալված կապարով լի անոթի մեջ: Դիշերահավի կամ միջատի ոչ մի ձայն չկար, ոչ մի ձայն՝ բացի նրանց շնչառություններից և հովացող մեքենաներից եկող ճտճտոցներից: Նրանց մարմիններն իրար հպվող մասերում ասես չոր-չոր քրտնում էին, քանի որ թացություն այլևս դուրս չէր տալիս:― Քրիստոս,― ասաց մի ձայն,― եկեք դուրս գանք այստեղից:
Բայց նրանք չշարժվեցին, մինչև որ առջևի մթությունից տարտամ ձայներ մոտեցան, այդ ժամանակ դուրս եկան ու լարված սպասեցին անշունչ խավարում: Լսվեցին այլ ձայներ, հարված, սուլոցով արտաշնչում և ՄքԼենդընի զուսպ հայհոյելը։ Նրանք էլի մի պահ կանգնեցին, ապա վազեցին ընդառաջ: Վազում էին սայթաքելով, ասես ինչ-որ բանից փախչելով: ― Սպանի՛ր դրան, սպանի՛ր լակոտին,― շշնջաց մի ձայն: ՄքԼենդընը ետ հրեց նրանց:
― Ոչ այստեղ,― ասաց նա:― Դրան մտցրեք մեքենան:― Սպանի՛ր դրան, սպանիր սև լակոտին,― մրթմրթաց ձայնը: Նրանք նեգրին քարշ տվեցին մեքենայի մոտ: Վարսավիրը կանգնած էր մնացել մեքենայի կողքին: Նա զգում էր, որ քրտնում է և գիտեր, որ սիրտը խառնելու է:
― Ի՞նչ է եղել, լավ տղերք,― ասաց նեգրը:― Ես ոչ մի բան չեմ արել: Երդվում եմ Աստծո առաջ, պարոն Ջոն:― Մեկը ձեռնաշղթաներ հանեց: Նրանք վրա տվեցին սևամորթին՝ ինչպես մի գերանի, լուռ, կենտրոնացած, իրար խանգարելով: Նա թույլ տվեց, որ ձեռնաշղթաները հագցնեն, արագ-արագ ու անընդհատ նայելով մի աղոտ դեմքից մյուս աղոտ դեմքին:― Ովքե՞ր եք, լավ տղերք,― ասաց նա, առաջ թեքվելով, որպեսզի մոտից տեսնի դեմքերը, մինչև որ նրանք զգացին նրա շունչն ու առան քրտնքահոտը: Նա մի երկու անուն տվեց:― Ձեր ասելով ես ի՞նչ եմ արել, պարոն Ջոն:
ՄքԼենդընը կտրուկ բացեց մեքենայի դուռը: ― Մտիր,― ասաց նա:
Նեգրը չշարժվեց:― Ինձ ի՞նչ եք ուզում անել, պարոն Ջոն: Ես ոչինչ չեմ արել: Սպիտակ մարդիկ, աղաներ, ես ոչինչ չեմ արել, երդվում եմ Աստծո առաջ:― Նա մեկ ուրիշ անուն տվեց:
― Մտիր,― ասաց ՄքԼենդընը: Նա խփեց սևամորթին: Մյուսները չոր ֆշշոցով բաց թողեցին շունչներն ու սկսեցին խփել նրան ինչպես պատահեր, և նա պտտվեց ու հայհոյեց նրանց, և շղթայված ձեռքերը թափով տարավ նրանց դեմքերի առջևով ու հարվածեց վարսավիրի բերանին, և վարսավիրը նույնպես խփեց:― Նստեցրեք այստեղ,― ասաց ՄքԼենդընը: Նեգրին հրեցին: Նա դադարեց դիմադրելուց, մտավ մեքենան ու լուռ նստեց, մինչ մյուսներն իրենց տեղերն էին զբաղեցնում: Նա նստած էր վարսավիրի ու զինվորի արանքում, վերջույթներն իրեն հավաքած այնպես, որ չդիպչի նրանց, աչքերն արագ-արագ ու անընդհատ դեմքից դեմք տանելով: Ցլիկը հարմարվեց ոտնաստիճանին: Մեքենան շարժվեց տեղից: Վարսավիրը թաշկինակը դրեց բերանին:
― Ի՞նչ է, Բազե,― ասաց զինվորը:
― Ոչինչ,― ասաց վարսավիրը: Նրանք նորից դուրս եկան մեծ ճանապարհ ու թեքվեցին քաղաքի հակառակ ուղղությամբ: Երկրորդ մեքենան փոշու պատճառով ետ ընկավ: ՄքԼենդընը շարունակեց ընթացքը, արագությունը մեծացնելով, տների վերջին ծոպերիզը մնաց ետևում:
― Անե՛ծք, նրանից գարշահոտ է փչում,― ասաց զինվորը:
― Մենք դա կկարգավորենք, ― ասաց առջևում, ՄքԼենդընի կողքին նստած շրջիկ գործակատարը: Ցլիկը հայհոյեց օդի տաք հոսանքի դիմաց: Վարսավիրը հանկարծ առաջ թեքվեց և ՄքԼենդընի թևը բռնեց:
― Թող դուրս գամ, Ջոն, ― ասաց նա:
― Թռիր, նեգրասեր,― ասաց ՄքԼենդընը՝ գլուխը չշրջելով: Նա մեքենան վարում էր մեծ արագությամբ: Երկրորդ մեքենայի անակունք լույսերը ետևից թափանցում էին փոշու միջով: ՄքԼենդընը թեքվեց ու մտավ մի նեղ ճանապարհ: Անգործածությունից այն ծածկված էր աղուրներով: Տանում էր դեպի մի լքված աղյուսաթրծարան ― կարմրավուն հողաթմբերի և մոլախոտերի ու պատատուկների մեջ խեղդված անտակ չաներ: Մի ժամանակ այս վայրը գործածվել էր որպես արոտավայր, մինչև որ մի օր տերը մի ջորի կորցրեց: Երկար ձողով զգույշ բզբզեց չաների ներսը, բայց հատակներին չհասավ:
― Ջոն,― ասաց վարսավիրը:
― Դե ցատկիր,― ասաց ՄքԼենդընը, մեքենան թռցնելով աղուրների վրայով:
Սևամորթը խոսեց.
― Պարոն Հենրի:
Վարսավիրն ուղղվեց: Նրանք առաջ էին սուրում ճանապարհի նեղ թունելով: Նրանց շարժումը նման էր հանգած հրահալոցից ելնող բարկ օդի. քիչ ավելի զով, սակայն իսպառ մեռյալ: Մեքենան աղուրից աղուր էր թռչում:
― Պարոն Հենրի,― ասաց նեգրը:
Վարսավիրը դուռը կատաղորեն քաշքշեց: ― Զգույշ, էյ,― ասաց զինվորը, բայց վարսավիրն արդեն աքացիով դուռը բացել էր ու կախվել ոտնաստիճանին: Զինվորը նեգրի առջևով ձգվեց նրան բռնելու, բայց նա արդեն ցատկել էր: Մեքենան ընթանում էր՝ արագությունը չպակասեցնելով:
Թափը նրան շառաչյունով, փոշեպատ խոտերի միջով նետեց ճամփեզրի առվափոսը: Փոշին հորձանք տվեց նրա շուրջը, և անավիշ ցողունների կամացուկ, թշնամական ճթճթոցի մեջ նա պառկեց, խեղդվելով ու ործկալով, մինչև որ երկրորդ մեքենան եկավ ու անցավ: Հետո վեր կացավ ու կաղալով քայլեց, մինչև հասավ մեծ ճանապարհին ու դարձավ քաղաքի կողմը, ձեռքերով հագուստը խոզանակելով: Լուսինն ավելի բարձրում էր, բարձրանում էր և ի վերջո ազատվեց փոշուց, և որոշ ժամանակ անց փոշու տակ երևացին քաղաքի լույսերը: Նա քայլում էր, կաղալով: Շուտով մեքենաների աղմուկ լսեց, և նրանց լուսարձակները ետևից, փոշու միջով մոտեցան, և նա ճանապարհը թողեց ու կրկին կուչ եկավ մոլախոտերի մեջ, մինչև որ անցան: ՄքԼենդընի մեքենան հիմա վերջից էր գնում: Այնտեղ չորս մարդ էին նստած, և Ցլիկը ոտնակին չէր: Մեքենաներն անցան, փոշին կուլ տվեց դրանք, լույսերն ու աղմուկը մարեցին: Փոշին միառժամանակ մնաց կախված, բայց շուտով հավիտենական փոշին կրկին կլանեց այն: Վարսավիրը բարձրացավ ճանապարհ ու կաղալով քայլեց դեպի քաղաք:
IV
Երբ Միննի Քուփըրն այդ շաբաթ երեկո հագնվում էր ընթրիքի համար, մարմինն ասես սանդի մեջ լիներ: Ճարմանդներն ագուցելիս ձեռքերը դողում էին, աչքերը տենդագին հայացք ունեին, և մազերը չոր ճթճթում էին սանրի տակ: Նա դեռ հագնվում էր, երբ ընկերուհիները եկան ետևից ու նստեցին, մինչև որ հագավ ամենանուրբ ներքնաշորերն ու գուլպաները և շղարշե մի նոր զգեստ:
― Դու քեզ բավականաչափ ուժեղ զգո՞ւմ ես՝ դուրս գալ կարողանալու համար,― ասացին նրանք, աչքները նույնպես պայծառ, մթին մի նշողումով:― Երբ ուշքի գաս այս ցնցումից, պիտի պատմես, թե ինչ է պատահել: Նա ինչ ասաց ու ինչ արեց, ամեն ինչ:
Տերևալից մթության մեջ, դեպի հրապարակ քայլելիս, նա սկսեց խոր շնչել, ինչպես սուզվելու պատրաստվող լողորդ, մինչև դադարեց դողալուց, և չորսով քայլում էին դանդաղ՝ սարսափելի շոգի պատճառով և նրա նկատմամբ հոգածությունից: Բայց երբ մոտեցան հրապարակին, նա նորից սկսեց դողալ, քայլելով գլուխը բարձր, ձեռքերը կողքերին սեղմած, ընկերուհիները խոսում էին կիսաձայն, դարձյալ այն տենդագին ցոլքն աչքներում:
Մտան հրապարակ, նա՝ խմբի կենտրոնում, փխրուն՝ իր թարմ շրջազգեստով: Հիմա ավելի սաստիկ էր դողում: Քայլում էր ավելի ու ավելի դանդաղ, ինչպես երեխաները պաղպաղակ են ուտում, գլուխը բարձր և աչքերը պայծառ դեմքի ըմբոստ դրոշի վրա, հյուրանոցի մոտով անցնելիս, և պիջակները հանած շրջիկ առևտրականներն աթոռներին նստած՝ նայում էին նրան. ― Այ նա է. տեսա՞ր: Վարդագույն շորով, մեջտեղում:― Այդ նա՞ է: Նեգրին ի՞նչ են արել: Ճի՞շտ է, որ… ― Բա ոնց: Հիմա նա լավ է: ― Լավ է, հա՞: ― Հաստատ: Մի փոքրիկ ճամփորդության է գնացել:― Ապա՝ դեղատունը, որտեղ անգամ անգործ ջահելները առմուտքում կանգնած գլխարկները կողքի էին ծռում և հայացքներով հետևում նրա ազդրերի ու սրունքների շարժումներին, երբ նա անցնում էր:
Նրանք քայլեցին-անցան տղամարդկանց բարձրացրած գլխարկների, հանկարծակի դադարած ակնածական, հովանավորական ձայների մոտով:― Տեսնո՞ւմ ես,― ասացին ընկերուհիները: Նրանց ձայները հնչեցին որպես ֆշշան հրճվանքի տևական, սավառնող հոգոցներ:
― Հրապարակում ոչ մի նեգր չկա: Ո՛չ մի:
Հասան կինոյին: Շենքը նման էր հեքիաթային աշխարհի մանրանկարի՝ լուսավորված նախասրահով և կյանքի սարսափելի ու գեղեցիկ փոփոխություններից որսված գունավոր վիմատպություններով: Միննիի շրթունքները ցնցվում էին: Խավարում, երբ շարժանկարն սկսվեր, արդեն լավ կլիներ, կկարողանար ծիծաղը պահել, որպեսզի այդքան արագ ու շուտ չվատնվեր: Ուստի նա շտապում էր շրշվող դեմքերի, զարմանքի ցածրաձայն արտահայտությունների առջևով, և նրանք նստեցին սովորական տեղերում, որտեղից, արծաթե ցոլքի դիմաց, նա տեսնում էր անցուղին և երկու-երկու ներս մտնող երիտասարդներին ու աղջիկներին: Լույսերը հանգան, էկրանն արծաթագույն շողաց, և շուտով ծավալվեց կյանքը՝ գեղեցիկ ու կրքոտ ու տխուր, մինչ երիտասարդներն ու աղջիկները դեռ մտնում էին, օծված ու շչաձայն՝ կիսամութի մեջ, զույգված թիկունքների ուրվագծերը՝ նրբագեղ ու սահուն, բարակ, աշխույժ մարմինները՝ կաշկանդված, աստվածայնորեն երիտասարդ, մինչ նրանցից անդին անխուսափելիորեն դիզվում ու դիզվում էր արծաթե անուրջը: Նա սկսեց ծիծաղել: Ջանաց զսպել՝ ձայնն ավելի բարձրացավ, առջևից մի քանիսը ետ նայեցին: Նա դեռ ծիծաղում էր, երբ ընկերուհիները վեր կացրին ու տարան դուրս, և նա կանգնել էր մայթեզրին, շարունակելով ծիծաղել բարձր, հաստատուն ձայնով, մինչև որ տաքսին եկավ, ու նրան նստեցրին: Նրանք հանեցին վարդագույն շղարշը, թափանցիկ սպիտակեղենն ու գուլպաները և պառկեցրին անկողնում ու սառույց ջարդեցին՝ քունքերին դնելու համար, և մարդ ուղարկեցին բժշկի ետևից: Բժշկի տեղը չիմացվեց, ուստի իրենք խնամեցին նրան՝ սսկված բացականչություններով, սառույցը փոխելով և դեմքը հովհարելով: Քանի դեռ սառույցը թարմ էր ու պաղ՝ նա չէր ծիծաղում ու մի որոշ ժամանակ լուռ պառկում էր, երբեմն միայն տնքալով: Սակայն շուտով ծիծաղը դարձյալ հորդեց, և նրա ձայնը բարձրացավ, վերածվելով ճչոցի:
«Շշշշշշշշշշշ: Շշշշշշշշշշշշշշ», ասում էին նրանք, սառույցի տոպրակը թարմացնելով, գլուխը շոյելով, մազերի մեջ ճերմակ թելեր փնտրելով, «խեղճ աղջիկ»: Ապա, մեկը մյուսին՝ «Կարծում ես՝ իրո՞ք ինչ-որ բան եղել է», աչքները մթագին նշողելով, թաքուն ու կրքոտ: «Շշշշշշշշշշ: խեղճ աղջիկ: Խեղճ Միննի»:
V
Կեսգիշեր էր, երբ ՄքԼենդընը մոտեցավ իր կոկիկ նոր տանը՝ խնամված ու թարմ, ինչպես թռչնավանդակ ու գրեթե նույնչափ փոքր, մաքուր, կանաչ ու սպիտակ ներկված: Մեքենան կողպեց, բարձրացավ ծածկապատշգամբ ու մտավ ներս: Կինը վեր կացավ լուսամփոփի մոտ դրված բազկաթոռից: ՄքԼենդընը կանգնած այնքան նայեց նրան, մինչև որ նա հայացքը խոնարհեց:
― Նայիր ժամացույցին,― ասաց ՄքԼենդընը, ձեռքը պարզելով ժամացույցի կողմը: Կինը կանգնել էր նրա առաջ, դեմքը հակած, ձեռքերում՝ մի ամսագիր: Դեմքը գունատ էր, լարված ու խոնջացած: ― Քեզ չե՞մ ասել, որ չնստես սպասես, թե երբ եմ գալու:
― Ջոն, ― ասաց կինը: Ամսագիրը ցած դրեց: Կրունկներին հենված, ՄքԼենդընը շամփրեց նրան բարկ աչքերով, քրտնածոր դեմքով:
― Չե՞մ ասել:― ՄքԼենդընը մոտեցավ նրան: Կինը հայացքը բարձրացրեց: ՄքԼենդընը բռնեց նրա ուսը: Կինը, հլու կանգնած, նայում էր նրան:
― Մի, Ջոն: Չկարողացա քնել… Շոգից էր, թե ինչ: խնդրում եմ, Ջոն: Ցավեցնում ես:
― Չե՞մ ասել:― Նա ուսը բաց թողեց և կնոջը կես-խփեց, կես-հրեց բազկաթոռի կողմը, և կինն այնտեղ ընկած լուռ դիտում էր նրան, երբ նա դուրս եկավ սենյակից:
Նա քայլեց տան միջով, վերնաշապիկը վրայից պոկելով, տան ետնամասի ցանցապատ ծածկապատշգամբում կանգնեց, վերնաշապիկով սրբեց գլուխն ու ուսերը, ապա դեն նետեց: Ատրճանակը հանեց ազդրագրպանից ու դրեց մահճակալի կողքի սեղանին, նստեց մահճակալին, կոշիկները հանեց և կանգնեց, սղղացնելով հանեց տաբատը: Արդեն նորից քրտնում էր. կռացավ ու մոլեգնորեն փնտրեց վերնաշապիկը: Վերջապես գտավ ու մարմինը նորից սրբեց և, մարմնով հպված փոշոտ ցանցին, կանգնել ու փնչացնում էր: Ոչ մի շարժում չկար, ոչ մի ձայն, ոչ իսկ միջատի: Մթնած աշխարհը, թվում էր, վշտահար հանգչում էր պաղ լուսնի և անկոպ աստղերի ներքո:
Թարգմանիչ՝ Շուշանիկ Ավագյան
Աղբյուրը՝ Լիտոպեդիա բանասիրության հանրագիտարան

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն