Նոր տարին փշալարերից այս կողմ.Բաբկեն Չիլինգարյան

Նոր տարին փշալարերից այս կողմ.Բաբկեն Չիլինգարյան

774
Կիսվել
Անցած տարի այս նույն ժամանակ դիրքերում էի. երկու տարի առաջ էլ էի դիրքերում, բայց հիմա եմ հասկանում, թե ի՜նչ լավ էր անցնում Նոր տարին դիրքերում, ի՜նչ ուրախ, ու ինչ-որ տեղ նաև ահավոր հպարտ էինք, որ 12-ին մենք բաժակի հետ միասին զենք էլ ենք բարձրացնելու վերև: Մի տեսակ նախատոնական վիճակներ էին, մեզ անընդհատ տարբեր տեղերից նվերներ էին բերում, մեր գնած ապրանքներն էինք դասավորում, մեր Աղդամի չորացած նռան ծառերն էինք զարդարում տոնածառի փոխարեն, փուչիկներ էինք կախում, բայց մի քանի րոպե չանցած ազերիների կրակից տրաքում էին, նույնիսկ զենքիս վրա փայլ էի կախել:Մեր ձեռքի տակ եղած ապրանքներով տարօրինակ աղցաններ էինք պատրաստում. կարճ ասած ջերմություն էինք հաղորդում մեռած ու սառած խրամատներին: Սառնարան չկար, որ միսը սառը տեղում մնար ու չփչանար. տարել էինք հողի տակ դրել, որ դիմանար, բայց 31-ին փչացել էր, իսկ մյուս մասը շների ստամոքսում էր հայտնվել:
Ամեն բան լավ էր, հիասքանչ էր, հեքիաթային էր ու չկար մեկը, որ խանգարեր մեր ուրախությունը: Գիշերը բոլորով բարձրացանք դիրքապահների կանգնելու տեղը ու մի բաժակ շամպայնով դիմավորեցինք Նոր տարին: Դրան էլ հաջորդեցին անիմաստ կրակոցները. մեկը՝ սիրած աղջկա համար, մեկը՝ տանեցիների, մեկը ուղղակի էր կրակում, ու հաջորդ առավոտ էլի անցնում էինք նույն մարտական հերթապահությանը՝ ասես ոչինչ չէր եղել: Էլի կանգնում էինք խրամատի մեջ ու նայում Մարտակերտի լողացող գույներին, նայում էինք պարող լեռներին, ու ամեն զինվոր պատկերացնում էր, որ իր տանն է, հարազատները ժպտում են և ուրախ տարի մաղթում իրեն, իսկ դիմացի ադրբեջանցուն ուղղարկում էինք գրողի ծոցը:
Հ.Գ.
Կյանքում կան բաներ, որոնք չեն մոռացվի, ու ինձ համար չեն մոռացվի 2014-2015 թվականները, քանի որ ընկերներիս հետ՝ զենքով, պարով, ծիծաղով, հավատով և հույսով լի դիմավորեցինք Նոր տարին:
Շնորհավո՛ր, տղերք ջան…

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՆալբանդյանն ու ռնգեղջյուրը
Հաջորդ հոդվածըՈւրիշի տոնական «մեյքափը» (18+)
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: