Սլավիկ Ալավերդյան. «Հաղթահարվող վախ»

Սլավիկ Ալավերդյան. «Հաղթահարվող վախ»

736
Կիսվել
Երիտասարդը նստած էր վաղուց չօդափոխված սենյակում, և կարդում էր վաղուց կիսատ թողած մի գիրք: Գիրքը փոքրածավալ էր, բայց դժվարընթերցելի նրա համար: Նա հերոսի մեջ տեսնում էր իրեն և վախենում գրքի հետագա էջերում նկարագրված իրադարձությունները կարդալուց: Ավելի շատ նա սիրում էր վերընթերցել արդեն ծանոթ էջերը և փորձել նոր մանրուքներ գտնել, որոնք կփոխեին իր կարծիքը:
*  *  *
Երեխան, որի անունը Նորայր էր, գավառական մի քաղաքից էր՝ սովորական ընտանիքից: Նոր էր սկսել հաճախել դպրոց, երբ տուն վերադառնալիս բակի ընկերներով՝ տարիքով ավելի մեծերի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ, շեղվեցին տունդարձի ճանապարհից: Ճանապարհը լքված պահեստների, մեքենաների գերեզմանոցների և ամայի տափաստանանման տարածքների միջով էր: Այնտեղ կար մի «հատուկ» նշանակության օբյեկտ, որը սակայն երկար տարիներ չէր ծառայում իր նպատակին: Ընդհուպ մինչև խորհրդավոր օբյեկտը հասնելը այն  սովորական էր թվում կրտսեր դպրոցականներին. նմանատիպ շինություններ քաղաքում էլի կային: Երբ հասան օբյեկտին, ավագ ընկերներից մեկը (թե ով էր նա, Նորայրը հետագայում չհիշեց) ասաց, որ կանգնեն: Նրանք, ովքեր առաջին անգամ չէին այդտեղ, ավելի մոտ կանգնեցին օբյեկտին և շրջվեցին նորեկների (անփորձների) կողմը: Մեծերից մեկը սկսեց առասպելներ պատմել տեղանքի մասին, ապա մեկ ուրիշը շարունակեց նրա խոսքը: Անփորձները, այդ թվում Նորայրը, համակ ուշադրությամբ և անակնկալի սպասելիքով (ոչ հաճելի անակնկալի) լսում էին նրանց: Վերջապես տղաները ավարտեցին իրենց ճառը և կոչ արեցին զգույշ մոտենալ և նայել դեպի ներս:
Այնտեղ, որտեղ ընկան երեխաների հայացքները, «գրեթե» դատարկություն էր:
*  *  *
Գրքի առաջին էջերում տարբերվող ոչինչ չկար:
Սակայն 17-րդ էջում սկսվող մի իրադարձություն նա այդպես էլ չէր կարողանում մինչև վերջ իմանալ, քանի որ դա իր մանկական վախերից մեկն էր և թերևս ամենամեծը:
Հասնելով 23-րդ էջին՝ նա փակում էր գիրքը և բացում մեկ ուրիշը. դա նրան հանգստացնում էր: Սա յուրօրինակ խթան եղավ դպրոցն ավարտելուց տարիներ անց զբաղվել ընթերցանությամբ և նա շարունակ նոր գրքեր էր կարդում: Դպրոցական տարիներին նրա մասին արտահայտվում էին որպես շատ գիրք կարդացողի և այդ կերպ նա հնարավորություն ուներ իրեն համապատասխանեցնելու իր մասին հասարակության մոտ ստեղծված կարծիքին:
Սակայն այդ գրքերը չէին փոխարինում այն միակ անավարտին:
*  *  *
Վախը հաղթահարելու, կամ ինչպես իր ավագ ընկերն էին մի ժամանակ ասում,  կամքը հզորացնելու համար (առանց որևէ պատճառի), կարճ ժամանակ անց նա մի քանի անգամ ևս եղավ այդտեղ. միշտ խմբով էին լինում, որը վատագույն դեպքում բաղկացած էր լինում երեք հոգուց: Ոչ մեկ չէր խիզախում միայնակ գնալ. համենայն դեպս միմյանց այդպես էին ներկայացնում:
Հաջորդ անգամները ևս նրանք զգույշ մոտեցել էին և նայել ներս: Ընդամենը մի քանի վայրկյան, որից հետո նրանք կրկին հետ էին քաշվել. երկար նայելը կարող էր գլխապտույտ առաջացնել: Բայց նրանք ավելի շուտ վախից էին հետ քաշվում, քանի որ ոչ մեկ չգիտեր, թե իրականում ինչ կա ներսում և յուրաքանչյուրն իր երևակայությամբ ստեղծում էր իրականության իր տարբերակը:
Վերջին այցից ամիսներ անց, Նորայր Ա.-ն կրկին ցանկություն ուներ այնտեղ լինելու, բայց իր մշտական ուղեկիցները այլևս քաղաքում չէին: Քանի որ նա ամենափոքրերից էր բակի երեխաների մեջ և մեծերին լավ չէր ճանաչում (գրեթե չէր շփվում նրանց հետ), այդ իսկ պատճառով չհանդգնեց նրանց խնդրել մեկ անգամ ևս գնալ այդ վայրը և նրա ցանկությունն այդկերպ մնաց անկատար:
*  *  *
Այն օրերից, երբ երեխաները ահը սրտներում շեղվում էին դպրոցից տունդարձի ճանապարհից (նախ, որ հանկարծ ծանոթներից ոչ մեկ չնկատի, երկրորդ՝ վախ ծնող օբյեկտի պետք է մոտենային), անցել էր մոտ 14 տարի: Ամբողջ այս ժամանակահատվածում գրեթե ոչինչ չի հիշեցրել նրան այդ օրերի, վախի և այն հաղթահարելու մանկական փորձերի մասին. մի քանի անգամ թեթև նմանություն էր նկատել որոշ առարկաների, երևույթների կամ դրանց նկարագրությունների մեջ, բայց քանի որ դրանք շատ մակերեսային էին, նա չէր ընկղմվել մինչև վախի վերապրման աստիճան: Մի տարի առաջ էր, երբ նա որոշեց երկարատև ընդմիջումից հետո, որևէ գիրք կարդալ:
*  *  *
Վախը, որ կրկին համակել էր Նորայր Ա.-ին, արդեն բավական ժամանակ է, ինչ հետապնդում էր նրան: Նա բազմիցս փորձել էր խուսափել վախի և այն ծնող առարկայի մասին մտքերից և հիշողություններից: Սկզբում դա հաջողվում էր. ամիսներ անց վերադարձող հիշողությունները չէին տանջում նրան: Սակայն վերջին շրջանում դրանք ավելի և ավելի հաճախ էին կրկնվում և նա այլևս անկարող էր դիմանալ:
Մի օր նա որոշեց դուրս գալ տնից և գնալ իր վախի օբյեկտի մոտ:
Բայց մինչ այդ պետք է նամակ թողներ ընտանիքի անդամների, իր ընկերների և բոլոր այն մարդկանց համար ում հետաքրքրել կամ մի օր գուցե հետաքրքրի իր անձը:
*  *  *
Նամակ գրելը այդքան էլ հեշտ գործ չէր: Նախ պետք է ներկայացներ վախի օբյեկտի պատմությունը, այսինքն պատճառը, ինչի համար գրում էր նամակը: Այնուհետև պետք է նկարագրեր այն և նշեր գտնվելու վայրը, որ վատագույն դեպքում հնարավոր լինի գտնել իրեն: Այդ դեպքի համար նա կտակատիպ պարբերություն էր առանձնացնում: Կտակելու գրեթե ոչինչ չուներ, դրանք ավելի շատ կարգադրություններ էին. այն մարդկանց անուններն ու կոնտակտները, ում պետք է տեղեկացնեին ընտանիքի անդամները, որոշ գաղտնիքներ, որ պետք է գաղտնիք չմնային այլևս:
*  *  *
Մի անգամ էլ ընթերցեց չկարդացվող գրքի 23-րդ էջը: Այնտեղ ամեն ինչ տրամադրում էր, որ գնար վախի օբյեկտին այցելության:
Մնում էր ընտրել հարմար պահ:
*  *  *
Օրեր անց ընտանիքը հրավիրվեց բարեկամներից մեկի ծննդյան օրվա խնջույքին: Նորայրը չցանկացավ գնալ՝ պատճառաբանելով մոտակա քննությանը նախապատրաստվելը:
Ընտանիքի գնալուց հետո նամակը թողեց տանը և քիչ անց ինքն էլ դուրս եկավ տնից:
*  *  *
Այս տարիների ընթացքում գրեթե ոչինչ չէր փոխվել վախի օբյեկտի շրջակայքում: Հանգիստ քայլեց ճանապարհով, հասավ մեքենաների գերեզմանոցին, տեսավ, որ շուրջը մարդ չկա և շեղվեց ճանապարհից: Օբյեկտի մոտ տանող կածանը գրեթե չէր երևում. երևում է, իրենցից հետո այս վայրը այդքան էլ ակտուալ չէ: Հասավ վաղուց անգործ մնացած դռնփակ անգարին: Հիշում էր, որ օբյեկտը դրա մոտ էր՝ բլրի վրա: Քիչ անց դա էլ երևաց: Թեթև անհանգստություն առաջացավ, բայց վախ չկար: Անհանգստանում էր, որ որևէ անցորդ կարող է նկատել իրեն և իր տարօրինակ վարքը: Երեք մետր էր մնացել: Շուրջը մոշուտ էր գոյացել: Դանդաղ քայլերով մոտեցավ օբյեկտին և վախի ակնկալիքով նայեց ներս:
*  *  *
Նա նայում էր խորհրդավոր օբյեկտին, որը ոչ այլ ինչ էր, քան բետոնե մեծ հոր: Պատերը հողից մեկ մետրից ավելի բարձրություն ունեին, ինչը ժամանակին խանգառել էր իր հասակակիցներին վերևից նայել և ոտքերի մատների վրա բարձրանալով մի քանի վայրկյան հայացք էին ձգել դեպի այն: Հատակին հող էր, ինչը ժամանակին իրեն և իր հասակակիցներին արյան լճակ էր թվացել:
Այսքան տարի ինքը վախեցել էր նայել մոշով ծածկված սովորական մի փոսի մեջ:
*  *  *
Նորայրը շտապում էր տուն, որ հասցնի մինչև ընտանիքի գալը թաքցնի նամակը: Դա նրան հաջողվեց: Այն վերացնելու շատ տարբերակներ կային: Որոշեց գցել աղբարկղը:
*  *  *
Հանգիստ բացեց գիրքը, որ կարդա շարունակությունը: 24-րդ էջում ավարտվում էր այդ դեպքի նկարագրությունը և սկսվում մեկ այլ պատմություն՝ աղբանոցից քամու թռցրած նամակի մասին:
2013 աշուն – 2015 ամառ
Երևան, Իջևան

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն