«Ռոնդո»․«Շվի»․ Տրիստան Կորբիեր

«Ռոնդո»․«Շվի»․ Տրիստան Կորբիեր

224
Կիսվել
Մութ է, կայծի գող մանկի՛կ աննախանձ։
Էլ չկա գիշեր, էլ չկա ցերեկ․
Քնի՛ր․․․․երազի՛ր գալուստն այն կանանց,
Որ կասեն՝ Հավե՜տ, որ կասեն՝ Երբե՛ք։
Լսո՞ւմ ես նրանց քայլերը բեկ-բեկ․
Օ՜հ, թեթև՛ քայլեր։-Սերն է սրընթաց․․․
Մութ է, կայծի գող մանկի՛կ աննախանձ։
Լսո՞ւմ ես նրանց․․․ Դամբաններն են մերկ։
Քնի՛ր, քո բեռն է բեռան պես ծաղկանց․
Չեն գա խաղընկեր արջերդ մեկ-մեկ,
Որ քո փոխարեն հատուցեն նրանց՝
Մութ է, կայծի գող մանկի՛կ աննախանձ։
*******
Մեռիր սիրուց, ճպուռների չար պայտա՛ր։
Մազերի մեջ, որ քո վրա կդողան,
Ճպուռն անգամ, առած փոքրիկ իր ծնծղան՝
Կցնծերգի ու կկայտռի քեզ համար։
Կարտասվի ցողն արցունքներով վաղորդայն,
Եվ կբանա հովտաց շուշանը պաստառ․․․
Մեռիր սիրուց, ճպուռների չար պայտա՛ր։
Երամովին կանցնեն հողմերը լալկան․․․
Քեզ կայցելի կճատ քթով քո մուսան,
Բերանիդ վրա դեռ հանգերն այս կբզզան,
Որ սարսում են ուղեղները դալկահար․․․
Մեռի՛ր սիրուց, ճպուռների չար պայտա՛ր։
Թարգմանությունը՝ Ա․ Ալիքյանի

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն