«Երեխան ու կարմիր փուչիկը»․ՄԱՍ I․ Ռաֆի Թադևոսյան

«Երեխան ու կարմիր փուչիկը»․ՄԱՍ I․ Ռաֆի Թադևոսյան

1047
Կիսվել

Ամռան առաջին ամսվա առաջին օրն էր: Թվում է, թե երեխաներն այդ օրը պաշտպանված են, բայց այդ օրն է միայն, երբ երեխաները ուշադրության կենտրոնում են: Մի թե տարվա մեջ միայն մեկ օր է հարկավոր նվիրել մեր կրտսեր ընկերներին:
Օրը արևոտ էր: Կարմիր մարդատարը կանգնեց կենդանաբանական այգու մոտ: Մանկատան սաներին հերթով իջեցրին ու շարքով կանգնեցրին մուտքի դիմաց: Տոմսավաճառի անհաղորդ երեսն էր, որ առաջինը նկատեցին երեխաները: Դայակն, ով պատասխանատու էր յուրաքանչյուրի համար, գնեց տոմսերն ու շտապեց երեխաներին ներս թողնել: Իրար ոտք տրորելով մի կերպ առաջանում էին ու մանկանը բնորոշ նախանձով նայում շուրջ բոլորը: Նրանք այդչափ ոչ կենդանի էին տեսել, ոչ էլ մարդ: Այգում բոլորը լուսանկարվում էին` անմահացնելով իրենց հիշողություններն ու հույսով, որ կհարստացնեն ընտանեկան ալբոմները:
Երեխաներից մեկը պոկվելով շարքից սկսեց զննել կենդանիներին: Այդտեղ, կենդանաբանական այգում հավաքվել էին տղայի մանկության հուշերը: Նա մոտեցավ գայլի վանդակին: Ախր սրանք այն կենդանիներն են, որոնց գրկում մեծացել էր Մաուգլին, որի մասին լսել էր ոչ վաղ անցյալում, երբ մայրն էր ծածկում վերմակն ու իրեն բարի գիշեր մաղթում: Երեխան ապշած էր: Անգամ մայր գայլն էր հոգատար իր զավակի համար: Հետո, նկատելով փղիկին, հիշեց «Ջամբո» մուլտֆիլմը: Հիշեց ընտանեկան վառարանը, տատի պատրաստած կարկանդակներն ու իրենց առաջին գունավոր հեռուստացույցը: Կարծես վերջին անգամ էր դեմ առ դեմ կանգնել իր հիշողությունների առջև, երբ կարմիր փուչիկներից կախված մի ծաղրածու մոտեցավ իրեն: Նախ ժպտաց, հետո մի փուչիկ տվեց տղային: Հարցրեց, թե որտեղ են տղայի ծնողները: Դա ոչ թե հոգատարության նշան էր, այլ կարմիր փուչիկի արժանի փոխհատուցումը ստանալու շարքային միջոց: Տղան ապշահար բռնել էր փուչիկը: Չէ, որ նրա մայրը լքել էր իրեն: Նա կենդանաբանական այգում մայր չուներ:
Ծաղրածուն հետ վերցրեց փուչիկն ու իր համար անառողջ առևտրից հետ կանգնեց: Երեխան շարունակեց փնտրել իր մանկության հերոսներին: Քիչ հեռու «Վինի Թուխ»-ն էր, որ ճերմակել էր: Հավանաբար ծերացել էր, մտածեց տղան: Հարևանությամբ «Բեմբի» եղնիկն էր, որը տղայի ամենասիրելի մուլտհերոսն էր:
Ծաղրածուն ամբոխի մեջ գտավ տղային: Մոտեցավ , ասաց. վերցրու՛, մեկը ավել, մյուսը պակաս: Տվեց փուչիկն ու անձայն հեռացավ: Տղան շվարել էր շրջապատող կենդանիների ու հեռացող մարդկանց միջև: Այդ պահին հեռացավ նաև կարմիր մարդատարը: Երեխաները շարքով տեղավորվել էին, իսկ դայակը չէր էլ հաշվել ներկաներին: Հավանաբար նա էլ էր մտածում ծաղրածուի պես` մեկը ավել, մյուսը պակաս:
Բոլորը շտապում էին հեռանալ: Ոմանք հասցնում էին վերջին անգամ լուսանկարվել, իսկ տղան միայնակ կանգնել էր ամբոխի մեջտեղում: Նա երբեք երկու ոտքով այդքան ամուր չէր կանգնել հողին: Այս այգին նրան հարազատ էր դարձել, իսկ շտապող ընտանիքները նույնիսկ չէին նկատում իրեն:
Տղան միայնակ էր, չհաշված օդում պարող կարմիր փուչիկը: Ժամեր շարունակ տղան անշարժ մնաց նույն տեղում: Օրն այդպես էլ մթնեց:
Այս պատմությունն այդպես էլ անհայտ կմնար, եթե ինչ-որ մեկի ընտանեկան ուրախ լուսանկարի մի անկյունում չանմահանար անգույն փուչիկը պինդ բռնած, թախծոտ աչքերով երեխան:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն