Անհետաձգելի հանճարի գալուստը. Ջեյմս Ջոյսի կենսագրությունը

Անհետաձգելի հանճարի գալուստը. Ջեյմս Ջոյսի կենսագրությունը

691
Կիսվել
Ջոյս Ջեյմս
1882 թ., Դուբլին, 
Իռլանդիա
1941 թ., Ցյուրիխ, 
Շվեյցարիա
Ջ. Ջոյսի հուշարձանը Դուբլինում 
(1990 թ., քանդակագործ՝ Մարջորի Ֆիտցգիբոն)
Իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսը մոդեռնիստական և հետմոդեռնիստական արձակի նշանավոր ներկայացուցիչներից է: Նրա ստեղծագործությունն առանձնանում է խորհրդանշական մեկնաբանություններով և 
հոգեբանական վերլուծության վարպետությամբ:
 
Ջեյմս (իսկական անունը՝ Ջեյմս Ավգուստին Ալոիսյուս) Ջոյսը 1888–93 թթ-ին սովորել է Դուբլինի ճիզվիտական դպրոցում, 1897 թ-ին ավարտել է «Բելվեդեր» քոլեջը, 1902 թ-ին՝ համալսարանը: 1904 թ-ին հեռացել է Իռլանդիայից՝ իր հոգևոր ուսուցչի՝ Հենրիկ Իբսենի նման հրաժարվելով փարիսեցի հասարակության որդեգրած արժեքներից և հատկապես այդ հասարակության ստրկացրած արվեստից: Ապրել է Փարիզում, Ցյուրիխում: Սովորել է բժշկություն և երաժշտություն: Եղել է լրագրող, ուսուցիչ: 
1907 թ-ին հրատարակել է քնարական բանաստեղծությունների «Կամերային երաժշտություն» ժողովածուն: Ջոյսը հայտնի է դարձել «Դուբլինցիներ» (1914 թ.) պատմվածաշարով. անգլիական և իռլանդական գրականությունների մեջ առաջին անգամ պատկերել է եվրոպական մեծ քաղաքի միջին խավի կյանքն ու առօրյան: Գրողը քննադատել է դուբլինյան հասարակության անտարբերությունը, բացահայտել քաղաքի թշվառությունն ու սոցիալական չարիքի արմատները, ներկայացրել ընտանեկան հարաբերությունների անկումը:
«Նկարչի դիմանկարը երիտասարդ հասակում» (1916 թ.) վեպում Ջոյսը պատկերել է գլխավոր հերոսի՝ նկարիչ Ստիվեն Դեդալուսի (կերպարում առկա են ինքնակենսագրական տարրեր) հոգևոր զարգացումը, պայքարը բարոյական և կրոնական «անառարկելի ճշմարտությունների» դեմ: Նա ըմբոստանում է արվեստին թշնամի հասարակության դեմ, հրաժարվում կեղծ ազգային արժեքներից և նվիրվում ստեղծագործական աշխատանքին՝ այն համարելով միակ բարձրագույն արժեքը:
Ջոյսի ստեղծագործության գլուխգործոցը՝ «Ուլիս» (1922 թ.) վեպը, XX դարի համաշխարհային արձակի բարձրակետերից է: Գրողը պատկերել է դուբլինցի հրեա Լեոպոլդ Բլումի 1 օրը՝ 1904 թ-ի հունիսի 16-ը (այդ օրը գրողի երկրպագուներն ամբողջ աշխարհում նշում են որպես Բլումի օր): 
Գրողը ձգտել է հաղորդել ոչ թե առկա, այլ մարդկանց գիտակցության մեջ անդրադարձված իրականությունը (պատկերման այս  ձևը գրականության մեջ հայտնի է որպես «գիտակցության հոսքի» ուղղություն), ներկայացրել է գործող անձանց կյանքի մութ ու արգահատելի կողմերը, իռլանդական նյութապաշտ հասարակության անմարդկային օրենքները, սոցիալական, քաղաքական ու հոգևոր վիճակը, ծուլությունն ու ագահությունը, կեղծ զգայականությունը, բարոյական արժեքների անտեսումը: Գրողը խախտել է վեպի ավանդական կառուցվածքը. մարդկանց կյանքի ուղիները խաչաձևվում են ոչ միայն առօրյայում, այլև Իթակեի արքա Ոդիսևսի առասպելում: 
«Դրամա և կյանք» (1900 թ.), «Ամբոխի օրը» (1901 թ.) հոդվածներում շոշափել է գեղեցիկի ու ճշմարտության փոխհարաբերության հարցեր, արվեստագետին համարել է ընտրյալ, իսկ «Իռլանդիան՝ սրբերի և իմաստունների կղզին» (1907 թ.) հոդվածում անդրադարձել է Իռլանդիայի քաղաքական ու մշակութային կյանքին: 
«Ֆինեգանի հոգեհացը» (1939 թ.) վեպում Ջոյսը դիմել է բառաստեղծման յուրօրինակ հնարամտության. հրաժարվել է շարահյուսական ավանդական միջոցներից: Վեպի հերոսը՝ Իրուիբերին, ընդվզում է դաժան ու սարսափազդու աշխարհի, չարիքի ու թշվառության դեմ: 
Ջոյսը գրել է բանաստեղծություններ, դրամաներ, հոդվածներ, թարգմանել Մորիս Մետեռլինկի, Հենրիկ Իբսենի, Պոլ Վեռլենի, Գերհարդ Հաուպտմանի ստեղծագործություններից:
Ջոյսի հուշարձանները (24) կանգնեցվել են Դուբլինում, Ցյուրիխում, Տրիեստում, Մոսկվայում և այլուր: Իռլանդիայում նրա պատկերով թողարկվել է թղթադրամ (10 ֆունտ ստեռլինգ): «Ուլիս» վեպի հիման վրա նկարահանվել է կինոնկար (1967 թ., ռեժիսոր՝ Ջոզեֆ Ստրիկ):
   «Ես չեմ լինի ստրուկը այն բանի, ինչին այլևս չեմ հավատում՝ լինի դա իմ ընտանիքը, հայրենիքը կամ կրոնը»:
   «Ինչ կարող է շահել այն մարդը, որը տիրացել է աշխարհին, սակայն կորցրել է իր հոգին»:
Ջեյմս Ջոյս
   «Ջեյմս Ջոյսը գրականություն, հատկապես՝ անգլիալեզու, մտավ այն ժամանակ, երբ նրա հանճարի գալուստն այլևս անհետաձգելի էր»:
Վիլյամ Սարոյան, 
գրող

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն