«Ցույց տվեք ինձ հոգեկան առողջ մարդու՝ և ես նրան կբուժեմ»․ Կարլ...

«Ցույց տվեք ինձ հոգեկան առողջ մարդու՝ և ես նրան կբուժեմ»․ Կարլ Գուստավ Յունգ

1665
Կիսվել
Որոշ ժամանակ լինելով Զիգմունդ Ֆրոյդի աշակերտը և հետևելով նրան Յունգը հավատում էր երազների և առասպելական կերպարների փոխադարձ ազդեցությանը, սակայն դրանք կապում էր ոչ թե անհատի ենթագիտակցության մեջ ամրագրված հուշերի, այլ մարդուն ի վերուստ տրված առասպելական արքետիպային խորհուրդների հետ։ Սակայն Յունգը իր ինքնակենսագրության մեջ պատմում է Ֆրոյդի հետ ունեցած խորը աշխարհայացքային հակասությունների մասին։ Ինչը հիմք է տալիս որոշ հետազոտողներին կարծելու, որ Յունգը մինչև Ֆրոյդի հետ հանդիպելը արդեն ունեցել է իր սեփական տեսության սաղմերը։
Համարում էր առասպելները համամարդկային երևույթ, որոնցում կրկնվում են միևնույն մոտիվները, հաճախ՝ միևնույն ձևերով։ Դրանք տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում ունեցել են ազգային ու ժամանակի շունչն արտահայտող որոշ առանձնահատկություններ, որոնք, սակայն, չեն կարող ստվերել առասպելի համապարփակ բնույթը։ Առասպելների առանցքը կազմող շրջիկ և անվերջ կրկնվող սյուժեներն ու կերպարները Յունգը կոչել է արքետիպեր։ Յունգը կարծում էր, ցանկացած մարդ կամ ձգտում է ընկալել արտաքին աշխարհի օբյեկտները, կամ ձգտում է դրանցից վերացարկվել։ Այդ տարբերությունը նա անվանում էր ընդհանուր կողմորոշման տիպ և անվանում էր էքստրավերսիա և ինտրովերսիա։
էքստրավերտ — ուղղված դեպի աշխարհի ընկալմանը
Ինտրովերտ — ուղղված դեպի «ներս»
Յունգը համարում էր, որ չկան «մաքուր» էքստրովերտներ և ինտրովերտներ, ու երկու հոգեբանական մեխանիզմներն էլ հատուկ են բոլոր մարդկանց, սակայն առավել օգտագործվողը պայմանավորում էր մարդուն այս կամ այն տիպին դասելու հնարավորությունը։
Պերսոնան և Ստվերը Յունգի կողմից առաջարկված երկու արքետիպեր են։ Պերսոնան մարդու սոցիալական դերից բխող արքետիպ է, որը ներառում է արտաքին աշխարհի պատկերացումները մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։
Ստվերը ինչ-որ իմաստով Պերսոնային հակառակ արքետիպ է, այն ներառում է մարդու այն հատկանիշները, որոնք հակասում են նրա Պերսոնային։ Ստվերը Էգո (Ես)-ի մի մասն է, որը բխում է անգիտակցականից։ Միևնույն ժամանակ այն բավականին ավտոնոմ գոյացություն է և արտահայտվում է պրոեկցիաների միջոցով։ Ըստ Յունգի Ստվերը անհրաժեշտ է ինտեգրել անձի ամբողջականության մեջ։
Անիման և Անիմուսը (լատ.՝ anima և լատ.՝ animus — «հոգի» , համապատասխանաբար արական և իգական «հոգի») Յունգի կողմից հոգեբանություն ներմուծված տերմիններ են, արականության և իգականության հետ կապված արքետիպերի նկարագրման համար։ Յունգը կապում էր անիմուսը կատեգորիկ, կոշտ, չափազանց սկզբունքային, դեպի դուրս ուղղված որոշումների հետ, իսկ անիման՝ էմոցիաների, տրամադրությունների և դեպի ներս ուղղվածության հետ։ Յունգը ենթադրում էր, որ յուրաքանչյուր մարդ ունի թե անիմայի, և թե անիմուսի տարրեր, այնպիսի չափաբաժիններով, որոնք պայմանավորված չեն նրա սեռական պատկանելությամբ։ Այսպիսով տղամարդու բնավորության մեջ կարող է գերակայել անիմուսը, սակայն առկա լինել նաև անիման։
Անհատական անգիտակցական ներառում է իր մեջ կոնֆլիկտներն ու հիշողությունները, որոնք ինչ-որ ժամանակ գիտակցվել են, բայց այժմ ճնշված են կամ մոռացված։ Անհատական անգիտակցականի մեջ են մտնում նաև այն զգայական տպավորությունները, որոնք իրենց աղոտության պատճառով չեն արտացոլվել գիտակցության կողմից։ Այսպիսով, յունգյան անհատական անգիտակցականի կոնցեպցիան ինչ-որ բանով նման է Զիգմունդ Ֆրոյդի անգիտակցականին։ Սակայն Յունգը, Զիգմունդ Ֆրոյդի գցած հիմքերի վրա, զարգացրեց այդ հիմնադրույթը և ընդգծում էր այն, որ անհատական անգիտակցականն իր մեջ ունի համակարգեր, կամ հուզականորեն լիցքավորված մտքեր, զգացմունքներ և հիշողություններ, որոնք դուրս են հանվել անհատի կողմից իր կամ ցեղի ժառանգական փորձից։ Յունգը պնդում էր, որ անհատական անգիտակցականի բովանդակությունը ամեն մարդու մոտ յուրօրինակ է, և որպես կանոն, հասանելի է գիտակցության համար։ Այսպիսով Յունգը, Զիգմունդ Ֆրոյդի տեսությանը համահունչ, մատնանշում է այն փաստը որ անձի անգիտակցականը մեծ ազդեցություն է ունենում մարդու կյանքի վրա, սակայն նա գտնում էր, որ այդ ազդեցությունն իրականացվում է ուղղակիորեն, առանց միջնորդվածության կամ վերափոխման, ինչպես դա անում է «քննադատությունը» Զիգմունդ Ֆրոյդի մոտ, և վերջինիս բովանդակությունը ամբողջովին հասանելի է գիտակցությանը, ինչը հակասում է հոգեվերլուծության տեսությանը։
Ըստ Յունգի, կոլեկտիվ անգիտակցականը մարդու հոգեկանի այն մասն է, որը պայմանավորված չէ տվյալ մարդու սեփական փորձով, այլ «ժառանգվում» է նախնիներից։ Այն մարդկության ընդհանուր փորձն է։ Կոլեկտիվ անգիտակցականը անգիտակցականի առավել խորքում գտնվող շերտն է, այն ավելի խորն է քան անձնական անգիտակցականը։ Կոլեկտիվ անգիտակցականում են գտվնում բոլոր արքետիպերը։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն