«Ժամանակակից հասարակությունը ճնշում է մարդկանց անհատականությունը»․ Կառլ Յասպերս

«Ժամանակակից հասարակությունը ճնշում է մարդկանց անհատականությունը»․ Կառլ Յասպերս

250
Կիսվել

Կառլ Յասպերսը փլիսոփայության իմաստը տեսնում է հենց տարբեր երկրների և ժամանակների միջև համամարդկային հաղորդակցումների ուղիներ ստեղծելու մեջ։ Ընդհանուր առմամբ Յասպերսի փիլիսոփայությունը լիբերալ-անհատապաշտական հումանիզմի ճգնաժամի և դրանից ելք գտնելու անհնարինության արտահայտությունն է։ Յասպերսի պահպանողական լիբերալիզմը մինչև 1960-ական թվականներն ուներ հակակոմունիստական ուղղվածություն, սակայն հետագայում նա հանդես էր գալիս ԳՖՀ քաղաքական կյանքի հակադեմոկրատական և ռևանշիստական միտումների խիստ քննադատությամբ։

Յասպերսի բժշկական աշխատանքները վերաբերում են ընդհանուր հոգեախտաբանությանը։ «Համընդհանուր հոգեախտաբանություն» երկում, հետազոտելով հոգեկան հիվանդների ապրումները, Յասպերսը գտնում էր, որ դրանցում արտահայտվում են անհատական սրված որոնումները։ Այդ որոնումները համարելով փիլիսոփայման (այս տերմինով ցանկանում էր շեշտել մտածական ընթացքի անկատարությունը, որովհետև հարցերը գերակշռում են պատասխաններին) միջուկը՝ նա գտնում էր, որ աշխարհի ամեն մի բանական պատկեր կարող է դիտվել իբրև այլաբանական մի բան, իբրև երբեք մինչև վերջ չգիտակցվող հոգեկան երևույթների «բանականացում»։ Վերջինս կեցության ծածկագիրն է․ խնդիրը այն վերծանելն ու գիտակցության բանական դրսևորումների (գիտության, արվեստի, կրոնի) հիմքում ընկած էկզիստենցիայի՝ գոյակի, չգիտակցող գործունեությունը պարզաբանելն է։ Ըստ Յասպերսի, կեցության իսկական իմաստը մարդուն բացահայտվում է սահմանային իրադրություններում (վիճակներում) (հիվանդություն, մահ, վախ), երբ մարդն ազատվում է ամենօրյա հոգսերից (որը «առկա կեցությունն է աշխարհում»), իդեալական հետաքրքրություններից ու իրականության գիտական պատկերացումներից (որը «տրանսցենդենտալ ինքնին կեցությունն» է)։ Մարդու առջև բացվում է խիստ անձնական գոյության աշխարհը («գոյակի պայծառացում») և աստծու (տրանսցենդենտի) իսկական վերապրումները։
Յասպերսի կարծիքով մարդկային կեցության համար էական նշանակություն ունի գոյակների հաղորդակցումը, որը նրա աշխարհընկալման կենտրոնական հասկացությունն է։ Ըստ Յասպերսի, ժամանակակից հասարակությունը ճնշում է մարդկանց անհատականությունը, և գոյություն ունեցող բարոյական, հասարակական և բանական չարիքը ուրիշի գոյակին անհաղորդ լինելու արդյունք է։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Գիշերով թափառում են կույրերը»․ Իոսիֆ Բրոդսկի
Հաջորդ հոդվածը«Ծաղիկն ու Թիթեռը»․ Վազգեն Գրիգորյան
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: