Էդվարդ Մունկը նշում էր, որ իր հայրն առանձնանում էր հիվանդագին, պսիխոնեվրոզի...

Էդվարդ Մունկը նշում էր, որ իր հայրն առանձնանում էր հիվանդագին, պսիխոնեվրոզի հասնող կրոնամոլությամբ

216
Կիսվել

Էդվարդ Մունկը ծնվել է 1863 թվականին զինվորական բժիշկ Քրիստիան Մունկի ընտանիքում: Նա ընտնիքի երկրորդ երեխան էր: Մունկերի ընտանիքը չնայած իրենց համեստ կյանքի, ծագումով սերում էր մշակութային ազդեցիկ ընտանիքից: Էդվարդ Մունկի հեռու հարազատներից նեոկլասիցիստ Յակոբ Մունկը հայտնի նկարիչ էր՝ Ժակ-Լուի Դավիդի աշակերտներից, հայրը՝ հայտնի դասավանդող մանկավարժ էր, եղբայրը՝ Պետեր Անդերս Մունկը, ականավոր արվեստաբան:
Մանկության ընթացքում Մունկերի ընտանիքը ժամանակ առ ժամանակ տեղափոխվում էր մի վայրից մյուսը թե՛ ընտանիքի հոր զինվորական ծառայության և թե՛ միջոցների սղության պատճառով: Սակայն մանկության մեծ մասը Մունկն անցկացրել է Քրիստիանիայում (Օսլո):
Նա ընդամենը հինգ տարեկան էր, երբ թոքախտից մահանում է նրա մայրը: Հայրը շատ բարի է եղել երեխաների նկատմամբ, սակայն նկարչի խոսքերով առնաձնանում էի իր հիվանդագին, պսիխոնեվրոզի հասնող կրոնամոլությամբ:
Երբ նկարիչ 15 տարեկան էր թոքախտից մահանում է նրա քույր՝ Սոֆին: Մտերիմ և շատ սիրելի քրոջ մահը խորը հետք է թողնում նկարչի աշխարհընկալման և ավանդական կրոնի պատկերացումների վրա: Հենց Սոֆիի հիվանդության և մահվան պատմության հիշողություններն են ընկած նկարչի առաջին հայտնի գործերից՝ «Հիվանդ աղջիկը», «Գարուններ» կտավների և «մահացողի սենյակները» սյուժեով նկարների մի ամբողջ շարքի հիմքում: Շուտով իր տարօրինակ պահվածքով առանձննում է նկարչի մյուս քույրը՝ Լաուրան, որոշ ժամանակ անց նրա հիվնդությունն ախտորոշվում է որպես շիզոֆրենիա:

1879 թվականին Էդվարդն ընդունվում է տեխնիկական քոլեջ, որտեղ չնայած հաճախակի հիվանդություններին գերազանց առաջադիմություն ուներ ֆիզիկա, քիմիա և մաթեմատիկա առարկաներից: Սակայն հաջորդ տարի նա գեղանկարիչ դառնալու նպատակով որոշում է թողնել քոլեջը, հակառակ հոր կամքի: Սակայն այս հարցում երիտասարդին քաջալերեցին հորքույր Քարենը, ընկեր Կարլ Ֆրեդերիկ Դիրիքսը, հեռու ազգական և ազդեցիկ գեղանկարիչ՝ Ֆրից Տաուլովը:
Մունկը սովորել է Քրիստիանիայի (Օսլո) Նկարչության թագավորական դպրոցում (1881-1886) և Կ․ Կրոգի արվեստանոցում (1882-1883)։ 1880-ական թվականների վերջերին-1900-ական թվականներին ապրել է Ֆրանսիայում, Գերմանիայում և Իտալիայում։ 1890-ական թվականների սկզբից Մունկի արվեստը զարգացել է «մոդեռն» ոճի հունով («Նկարչի քույրը», 1892, «Մահամերձի սենյակը», 1893), միաժամանակ դրսևորել մի շարք նոր գծեր, որոնք շեշտել են կերպարների ողբերգականությունը և մեծ մասամբ կանխորոշել էքսպրեսիոնիզմի ծնունդը («Ճիչ», 1893, «Կյանքի պարը», 1899, «Աղջիկը կամրջի վրա», մոտ 1901, բոլորը՝ Ազգային պատկերասրահ, Օսլո)։ Զբաղվել է նաև դեկորատիվ-մոնումենտալ գեղանկարչությամբ (Օսլոյի համալսարանի հանդիսասրահի որմնանկարները, 1910-1916), կերտել ժամանակակիցների դիմանկարների շարք, ստեղծագործել փայտագրության, օֆորտի և վիմագրության բնագավառներում։

Օսլոյում գտնվում է 1963 թվականին բացված Մունկի թանգարանը, որտեղից 2004 թվականի օգոստոսի 22-ին երկու զինված հանցագործների կողմից հափշտակվել են «Ճիչ» և «Մադոննա» կտավները։ 2006 թվականի մայիսին գողության մեջ կասկածվող երեք մեղադրյալները բանտարկվեցին, իսկ օգոստոսին ոստիկաններին հաջողվեց գտնել նկարները։ Հանցագործների մոտ գտնվելու ընթացքում երկու կտավներն էլ վնասվել են։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն