«Ես ծխում եմ նրանց» (հատված)․ Ռաֆի Թադևոսյան

«Ես ծխում եմ նրանց» (հատված)․ Ռաֆի Թադևոսյան

210
Կիսվել

Ծխախոտի հերթական տուփն էր վերջանում: Նախավերջին գլանակը վառեցի ու պառկեցի սառը հատակին: Մութ էր ու ցուրտ: Պառկած էի մոխիրների մանր բեկորների ու ծխախոտի դատարկ, ծռմռված տուփերի կողքին: Ծխում եմ, որովհետև արձակած փափուկ այդ ծխի մեջ ես երևակայում եմ նրա մասին: Աչքերս փակում ու ներս եմ քաշում ծուխը: Այդ ընթացքում փակ աչքերով զգում եմ վառվող գլանակի բոցը: Բաց եմ թողնում ծուխը: Բարձրանում է վեր: Հպվում է առաստաղին ու տարածվում սենյակում: Քաշում եմ երկրորդ անգամ: Խառնվում է մտքերիս , դուրս է գալիս ու բարձրանում վեր: Այս ամենը նորից ու նորից: Ցուցամատի մի հարվածից ընկնում են մոխրացած բեկորները: Գլանակի կյանքը դառնում է 50/50 : Նրան ապրելու իրավունք չեմ տալիս: Հենց դրա համար եմ ծխում: Կյանքի օրենքն է այդպիսին: Ես նրան եմ սպանում, իսկ իր նմանները սպանում են ինձ: Ես այս պահին ինձ զգում եմ արքա, ում առաջ խոնարհվում են բոլոր ծառաները: Բոլոր գեղեցիկ աղջիկներն ինձ են պատկանում: Ես նրանց գնել եմ: Ես նրանց վառում եմ հերթով: Հաճույք եմ ստանում , այնուհետև ցուցամատի մի հպումով ազատում եմ նրանց՝ իրենց իսկ սեփական մոխրացած մասերից: Նրանց վերջնականորեն ճզմում եմ՝ հավասարեցնում հատակին: Հիմա ես ժպտում եմ: Ես արքա էի քիչ առաջ: Հիմա հասարակ մի ստրուկ եմ, ով կառչում է այդ գայթակղիչ վերջին գլանակից: Ձեռքերս դողում են: Ես ստորացված եմ: Պարտվում եմ, որ հաղթեմ: Ընդունեցի պարտությունս…
Ծխախոտի հերթական տուփն էր վերջանում: Վերջին գլանակը վառեցի: Ծուխը բարձրացավ վեր: Ես արքա եմ ևս 7 րոպե:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն