«Գլուխը»․ Էմիլ Վերհարն

«Գլուխը»․ Էմիլ Վերհարն

252
Կիսվել
Գլխատության մռայլ բեմին դու գլուխըդ վայր կդնես,
Եվ զանգերը կղողանջեն, և դաշույնը կփաղփաղի,
Ու մըկանունք կաղաղակեն, կլինի շքեղ հանդես-
Մեծապայծառ տոն ու հանդես՝ կարմիր արյան ու մատաղի։
Եվ արևը ծիրանավառ, և երեկոն ծծմբաշունչ,
Երեկոն ու արեգակը արնափրփուր, հրդեհավառ
Կտեսնեն, թե ինչպես ես դու կրում պատիժը անտրտունջ,
Թե ինչպես լուռ կանշնչանան քո աչքերն ու դեմքը պայծառ։
Սև ամբոխը, կրծքում պահած լոկ չարություն օձագալար,
Իր օվկիանը ըմբոստ մահիդ առաջ լռին կըխոնարհեն-
Ու, հարազատ մոր պես գթոտ խանդաղագին ու սիրաբար,
Քո անշունչ դին արյունաներկ դագաղի մեջ մեղմ կօրորե։
Ու թունավոր, որպես ծաղկանց փըթիթը այն մահաշունչ սև,
Ուր եփվում է կարմիր թույնը շողուն, որպես շանթը պայծառ․
Կմնա քո անունն ըմբոստ, անմահ փառքիդ լույսը վսեմ,
Որպես կրծքում մեխված դաշույն և՛ անսասան, և՛ անխոնարհ․․․․
Գլխատության մռայլ բեմին դու գլուխըդ վայր կդնես,
Եվ զանգերը կղողանջեն, և դաշույնը կփաղփաղի,
Ու մըկանունք կաղաղակեն, կլինի շքեղ հանդես-
Մեծապայծառ տոն ու հանդես՝ կարմիր արյան ու մատաղի․․․․
Թարգմանությունը՝ Վահան Տերյանի

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Մարդկային կատակերգություն». Վիլյամ Սարոյան (հատված)
Հաջորդ հոդվածըՊաուլ Ցելանի «Մահվան ֆուգան». բանախոս՝ Սերգեյ Ստեփանյան
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: