«Աշնանածաղիկներ»․ Գիյոմ Ապոլիներ

«Աշնանածաղիկներ»․ Գիյոմ Ապոլիներ

221
Կիսվել
Թեև թունոտ, բայց չքնաղ է մարգը աշնան,
Որ կովերն են, արածելով,
Թունավորվում ամեն վայրկյան։
Եղրևանու գույնով աշնան ծաղիկն է հեզ
Փթթում այնտեղ։ Քո աչքերը այդ ծաղկի պես
Եվ այս աշնան նման լուրթ են ու կապտավուն,
Եվ աչքերիդ համար կյանքս է ամեն վայրկյան թունավորվում։
Մանուկներ, շրթնահարմոն նվագելով,
Դպրոցից են վերադառնում մեծ աղմուկով
Եվ պոկոտում են ծաղիկը մարգագետնի։
Նա կիսաբաց քո կոպերի գույնը ունի,
Որոնք դողում, սրսփում են, ինչպես ծաղիկն հողմերի մեջ։
Նախրապանը ահավասիկ երգումէ մեղմ,
Մինչ ծանրաքայլ ու մի երկա՜ր բառաչյունով
Կովերն ընդմիշտ լքում են այդ մարգը թունոտ։
Թարգմանությունը՝ Ա․ Ալիքյանի

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն