Աշխարհը հավերժական է

Աշխարհը հավերժական է

716
Կիսվել
Լեռ Կամսար
Մի ժամանակ բազմաթիվ երկրաբաններ միաբերան պնդում էին, թե արևը կեղևակալում է, և շատ չանցած երկրագունդը պիտի սառչի։
Չեմ մոռանա այն սարսափը և խուճապը, որ պատեց աշխարհին։ Հրեա առևտրականները սկսեցին գանձել իրենց ապառիկները, Անգլիան իր բոլոր գաղութներին անկախություն շնորհեց, Իսպանիան գլխարկը վերցրած ջերմեռանդ խաչակնքեց ու եկեղեցի գնալով հաղորդվեց։ Արևմտյան Գերմանիան ու Ֆրանսիան իրար հաշտության ձեռք մեկնեցին, և առհասարակ սրա օրինակով, բոլոր անհնարին բաները հնարավոր դարձան։ (Այսպես է՝ մահվան երկյուղը միշտ ազնվացնում է մարդկանց)։
Բայց երևակայեցեք, ես երբեք չհավատացի այդ երկրաբանների խոսքերին և տեղիցս չերերացի։
Ես կարդացած մարդ եմ․ Աստվածաշունչը հինգ մատներիս պես գիտեմ։ Ես գիտեմ, թե Աստված աշխարհը հատկապես ո՞ւմ համար է ստեղծել և ի՞նչ նպատակներով։ Դա գաղտնիք չէ, և ես կարող եմ ձեզ պատմել։
Սկզբում Աստված  աշխարհը ստեղծել էր հատուկ հրեաների համար, անապատում մյուս բոլոր ինքնիրեն ծլած ազգերն՝ ինչպես փղշտացիք, ամաղիկացիք, հեփուսացիք, խևացիք՝ մի տեսակ մոլախոտեր էին, որոնց իսրայելացիք ամբողջ 40 տարի Մովսեսի առաջնորդությամբ քաղհանեցին, վերջ տվին։
Բայց վերջում հրեաները Աստծո հույսերը չարդարացրին և Աստված Իսրայելին կանչելով այն տեղերը, ուր հիմա կառուցված է Պոտսդամը, Յալթան ու Թեհրանը՝ դրժեց իր խոստումը։
Դուրս է գալիս, որ Աստված աշխարհը խնամքով պահում է Ամերիկայի համար, որը հրեաներից ավելի հարուստ է, նրանցից ավելի բարեպաշտ։
 Եվ ահա Ամերիկան սկսելով Կորեայից, ձեռնարկում է արշավանք՝ իրեն խոստացած աշխարհին տիրելու համար։
 Իսկ այն, որ այս րոպեիս կռվում է վարակված ճանճերի, մկների ու առնետների օգնությամբ՝ դա պատահական երևույթ չէ։ Դրանք աստվածաշնչյան զենքեր են․Մովսեսը հրեաներին Եգիպտոսից հանելու ժամանակ Փարավոնի վրա թափեց գորտեր և շնաճանճեր, հետո էլ եգիպտացոց բոլոր անդրանիկները կոտորեց։
Այժմ բացատրեմ, թե ինչո՞ւ համար կյանքը երկրագնդի վրա հավիտենական է և բնավ չի վերջանա։
Ասացի, որ Աստված աշխարհն Ամերիկային է խոստացել։ Եվ այնքանով, որքանով այդ խոստումը Պոստդամում չի տրված՝ պիտի համարել հաստատուն։
 Աշխարհակալական իր սկսած պատերազմում, ամբողջ երկու տարի, հետն ունենալով 14 պետություն չի կարողանում գրավել ընդամենը կես Կորեայից մի միլիմետր տարածություն։ Միայն հարձակվում է՝ ոչինչ չգրավելու համար։ Բնականաբար հարց է առաջ գալիս․ քանի՞ միլիոն արեգակնային տարի է հարկավոր, որ այդ ընթացքով Կորեան գրավի, հետո էլ Չինաստանը ու մնացյալ բոլոր երկրները։
 Եվ որովհետև Աստված հաստատ որոշել է Երկիրը տալ Ամերիկային, նախքան նրա սառչելը, ուրեմն և մարկությունը հավիտյանս ապահովված է կորուստից, որովհետև Ամերիկան հաղթելիք չունի։
 Բացի այդ, հաղթության համար հետագային երևան եկան նաև երկրային արգելքներ։
 Ինչպես գիտեք, սրանից մի տարի առաջ Սովետական Միությունն առաջարկեց զինադադար կնքել, որը Ամերիկան թեև ամոթից ընդունեց, բայց երեկոյան իր աղոթքին երկար զրույց ունեցավ Աստծու հետ․
 — Ի՞նչ անեմ, Աստվա՛ծ, հաշտություն են առաջարկում։
 — Մի համաձայնվիր։
 — Ո՞նց։
 — Միշտ մի պատրվակ ճարիր։ Մի օր բանակցության գնա՝ երկու օր մի գնա։ Նիստերը մի օր դռնբաց արա, մի օր դռնփակ։ Այնքան հանձնաժողովներ ընտրել տուր, որ մի հարց մինչև առաջին հանձնաժողովից վերջին հանձնաժողովին անցնի, պատգամավորները մոռանան, թե ինչի մասին էր խոսքը և նորից սկսեն այդ միևնույն հարցը քննել և այսպես անվերջ։
Երկրորդ՝ դու կարող ես անվերջ խախտել չեզոք գոտին և ներողություն խնդրել այդ խախտումների համար։
Հետո էլ մի՛ համաձայնիր ինչ կասեն՝ հակառակը պնդիր։
— Այդ էլ դժվար է՝ որովհետև հակառակ կողմն է զիջում հաճախ։
— Վերից վար նայիր և անտեղի վիրավորիր։
— Հանուն աշխարհի խաղաղության նրանք անհիշաչար դիրք են բռնում։ Չգիտես որքան դժվար է դառել անհամաձայնությունը։ Ողջ աշխարհը ոտքի կանգնած խաղաղություն է ցանկանում։ Սոսկալի բան է դա, հասանո՞ւմ ես, թե՞ ոչ։ Այսքան խաղաղություն ցանկացող աշխարհը կերկպառակվի՞։
— Ամերիկա՛, ես ավելի հնարագետ էի կարծում քեզ, — նկատեց Աստվածն ու ավելացրեց, — եթե անհնար է չհաշտվել՝ վերջ տուր բանակցությանը և շարունակիր հարձակումը։ Քանի՞ պետություն է ձեր կողքին կռվում։
— Տասնչորս։
— Ի՞նչ սկզբունքով են կռվում։
— Զուտ փայատիրական։ Յուրաքանչյուրը դրանցից որքան զինվոր ուղարկի ռազմի դաշտ, անքան դիակ պիտի վերցնի այնտեղից։
-Ուշք դարձրեք հափշտակությունների չլինեն։ Չպատահի հանկարծ մի պետություն մեկ զինվոր դնի մարտում՝ երկու դիակ վերցնի տեղը։
— Չի պատահել։
— Էհ, այն ժամանակ եթե այդքան դժվար է քեզ չհաշտվել, եթե դրա հնարքը չես կարող գտնել, դադարեցրու հաշտության բանակցությունները ու սկսիր հարձակումներդ , — ասաց Աստվածն ու անհաջողություն ցանկանալով Ամերիկային՝ երկինք բարձրացավ․․․
1955 թ․

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն